Սևանա լճից «լեվի» ջրառ է արվում՝ ՀԷԿ-երի համար․ Սիլվա Ադամյան
Ամեն տարի գիտնականների մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս տարի ջրամբարներից ջուր բաց թողեցին մայիս ամսին, իսկ ամռան տապին արդեն «դիմեցին» Սևանա լճին։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հիդրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Համբարյանը՝ անդրադառնալով Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագծի ընդունմանը։
Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարիներին էլ եղել է, երբ մարտ ամսին են ջուր բացթողել։
«Սա վատ կառավարման մեխանիզմ է։ Այստեղ բազմակողմանի շահեր են բախվում։ Սևանա լճի «ծաղկումը» էկոլոգիա-տնտեսական խնդիրների կծիկի մեջ է»,- ասաց մասնագետն ու հավելեց․
«Այս տարի ջրամաբարները պետք է լցված լինեին, քանի որ Հիդրոմետի մայիս ամսվա տվյալներով՝ ջրամբարները կեսից ավելին լցված են եղել։ Ինչո՞ւ եք մայիս ամսին դատարկել ջրամբարները, ի՞նչ նպատակով։ Կարծում եմ՝ այդ քանակությամբ ջուր ոռոգման համար անհրաժեշտ չի եղել»։
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ Panorama.am-ին տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ, երբ Սևանա լճից սկսեցին հավելյալ ջրառ իրականացնել, այդ ժամանակ մասնագետների խումբը որոշակի ուսումասիրություն իրականացրել է։
Հարցին, թե ո՞ր ՀԷԿ-երն են օգտվում Սևանա լճի ջրառից, Ադամյանն ասաց․
«Բոլոր ՀԷԿ-երի մասին չեմ կարող խոսել, քանի որ ձեռքիս տակ ունեցել եմ միայն «Սևան-Հրազդան Կասկադի» ուսումնասիրությունը։ «Սևան-Հրազդան Կասկադն» օգտվում է ջրառից։ Ժամանակին լուրջ ուսումնասիրություններ ենք արել, որի արդյունքները ՀՀ բնապահպանական ՀԿ-ների կողմից նամակի տեսքով ներկայացրել ենք ԱԶԲ-ին, որն այն ժամանակ պատրաստվում էր գումար հատկացնել Սևան-Հրազդան Կասկադին և նշել ենք բոլոր խնդիրներն ու ռիսկերը»։
Նշենք, որ Սևան-Հրազդան Կասկադը 2011թ. դարձել է մասնավոր և վերանվանվել է «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ։ Ընկերության կազմում գտնվում են յոթ ՀԷԿ-եր` Սևան, Հրազդան, Արգել, Արզնի, Քանաքեռ, Երևան-1 և Երևան-3-ը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ. կՎտ.ժամ:
Այն, որ Սևանա լճից բաց թողնված ջրից օգտվում են ավելի շատ ՀԷԿ-եր, քան գյուղացիները, Սիլվա Ադամյանի խոսքով՝ ապացուցված է։
«Ջրբացթողումների հաշվին, այսպես կոչված, «լեվի» ջրառ է արվում՝ հիդրոէլեկտրակայանների համար։ Հիմա առավել ևս համոզված եմ, քանի որ ունենք ատոմակայանի խնդիր։ Ատամոկայանն ամբողջ ուժով չի աշխատում, քանի որ «վերազինման» է կանգնած։ Արդյունքում ունենք էլէկտրաէներգիայի սպառման հետ կապված խնդիրներ, ինչը Կառավարությունում չեն էլ թաքցնում։ Լինում են հովհարային անջատումներ, առջևում էլ ձմեռ է, դեռ չգիտենք այս ամենն ինչով կվերջանա։ Հասկանալի է, որ գյուղատնտեսական խնդիրների տակ Սևանի ջրառը գնալու է այդտեղ»,- ասաց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանը նաև տեղեկացրեց, որ դիմել է մասնագետներին, որպեսզի համատեղ ուժերով աշխատեն և հասկանան, թե Սևանից դուրս եկած ջրից որքան են օգտագործում գյուղացիները։
«Փորձը ցույց է տվել, որ ջուրը գյուղացուն չի հասնում։ Անցած տարիներին գյուղերով շրջել ենք, մարդիկ բողոքում էին, որ ջուր չունեն։ Մարդիկ սոխի պարկերը հանել, ճանապարհ էին փակել։ Նշեմ, որ խնդիրը ծագել էր ջրբացթողումից հետո»,- ասաց նա։
Բնապահպանի խոսքով՝ գյուղատնտեսական խնդիրներ ունենք, բայց դրանք չպետք է լուծվեն Սևանա լճի հաշվին։
Այն, որ ջրամաբարների քանակական ավելացումը Հայաստանին օդի ու ջրի պես պետք է, փաստում են բոլոր մասնագետները։ Սակայն, միևնույն ժամանակ նշում, որ խնդիրներով մասնագետները չեն զբաղվում։ Պետք է հաշվի առնել գիտնականների կարծիքը։
Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ կուտակված խնդիրները հնարավոր է լուծել՝ մասնագետներից կազմված լուրջ խումբ ձևավորելով և նրանց դիտարկումները հաշվի առնելով։ Բացի դրանից այժմ կենսական է ջրամբարների կառուցումը, որի մասին խոսվում է, սակայն դեռ շահագործման հանձնված ջրամբար չկա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ ջրառ կատարելու նախագիծը
- Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից բաց թողնել մինչև 245 մլն մ³ ջուր
- Սևանա լճի մակարդակը իջել է
- Սևանա լճից մայիսի 25-ից օգոստոսի 8-ը իրականացվել է ավելի քան 161մլն. մ³ ջրառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան