Էրեբունի ամրոցի պեղումների արդյունքներն առավել քան գոհացուցիչ են
Էրեբունի հնավայրում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից 2021 թվականին իրականացվող պեղումներն ավարտվել են: Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանըի ֆեյսբուքյան էջից։
Ֆրանսիացի գործընկերները ամրոցում այս տարի պեղումներն ավարտվել են հուլիսի 30-ին, իսկ հայկական կողմը հնագիտական աշխատանքները շարունակել է ամրոցից հարավ-արևելք տեղակայված բլրի հյուսիսային հարթեցված մասում: Այս հատվածի պեղումների արդյունքներն առավել քան գոհացուցիչ են:
Նախնականորեն ֆիքսվել է հնագիտական երկու փուլ, որոնք թվագրվում են Ք. ա. 7-րդ դարից մինչև 5-րդ դար ընկած ժամանակաշրջանում: Առաջի փուլը բաղկացած է առնվազն երկու ենթափուլերից, այնուհետև այս փուլին վերաբերող տնտեսական հորերը և տաշտը ծածկել են, դրել նոր կավածեփ հատակ և կառույցի պատեր: Տնտեսական հորերից մեկում հայտնաբերվել են ուրարտական կարմիր փայլեցված և տեղական խեցեղենի համակեցություն՝ ուղեկցվող կենդանական ոսկորներով և ածխով:
«Շուտով հնաբուսաբանական և հնակենդանաբանկան հետազոտությունները նոր կարևոր տեղեկություններ կհաղորդեն մեր նախնիների կենսագործունեության և ուտեստների մասին: Երկրորդ փուլի շինարարությունը, ըստ երևույթին կախված է բնակլիմայական գործընթացների հետ»,- հայտնում են արգելոց-թանգարանից:
Առաջին անգամ արտաքին բնակավայրից հայտնաբերվել են ամբողջական խեցեղեն գտածոներ՝ խեցեղեն թասեր և մեկ ոսկրե կախիկ հմայիլ: Նախնականորեն կարելի է փաստել, որ առնվազն արտաքին բնակավայրի այս հատվածը սինխրոն չէ Էրեբունի ամրոցի մեզ հայտնի բնակեցման վաղ փուլերի հետ: