Ի սկզբանե գործը կառուցված էր «ոչնչի» վրա․ Արմեն Չարչյան
Արմեն Չարչյանը ներկայացել է «Վարդաշեն» ՔԿՀ։ Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը նշեց, որ իրեն ապօրինաբար են ուզում զրկել ազատությունից։
«Վստահ եմ և համոզված, որ ի վերջո արդարությունը հաղթելու է։ Չեմ ուզում որևէ որակում տալ, քանի դեռ իրավական գործընթացը շարունակվում է։ Կավարտվի գործընթացը, հետո կասեմ ասելիքս։ Հարկ եմ համարում միայն նշել, որ այն երկու հիմքերը, որով դատախազն ինձ կալանք էր առաջադրում, երկուսն էլ արդեն չկան։ Ես այլևս չեմ աշխատում Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն։ Ես ԱԺ-ում պատգամավոր եմ, որին ապօրինաբար ուզում են զրկել ազատությունից։ Եվ երկրորդ հիմքն այն է, որ կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, թեև այդ ցուցմունքներն արդեն տրված էին։ Այսինքն՝ երկու հիմքերն էլ չկան։ Ի՞նչ հիմքով է հարգարժան դատավորը տվել կալանքի որոշումը»,- ասաց Չարչյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր համար սպասելի էր նման որոշումը։
«Ի սկզբանե գործը կառուցված էր «ոչնչի» վրա։ Բացի այդ,ես նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ եմ»,- նշեց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք,որ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։