«Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ: Նրանք դեմ են Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի բնակելի շենքի կառուցմանը: Բնակիչներն արդեն տևական ժամանակ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ բարձրաձայնելով իր դժգոհությունը:
Քաղաքապետարանի դիմաց «Ֆիզգոռոդոկ» թաղամասի բնակիչներից Սեդա Գրիգորյանն ասաց, որ քաղաքապետարանի ներսում մի խումբ բնակիչներ են գտնվում, հանդիպում են քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:
«Մենք պահանջում ենք, որպեսզի Երևանի քաղաքապետն անձամբ ներկայանա Ֆիզիկայի գիտավան, խոսի քաղաքացիների հետ, պատասխան տա իր կայացրած որոշման համար»,- ասաց նա:
Ս. Գրիգորյանի խոսքով, քաղաքացիներով բացահայտել են բազմաթիվ կեղծիքներ, որոնք կառուցապատողն իրականացրել է իր փաստաթղթային աշխատանքներում և ձևակերպել է տարածքի սեփականությունը, նախագիծը:
«2,5 տարի է բնակիչները կեղծիքները բացահայտում են, 4 դատական գործ է ընթացքի մեջ կառուցապատողի դեմ, կադաստրի հետ կապված խնդիրներ կան, քանի որ որոշակի տվյալներ է թաքցրել, քաղաքապետարանն է խիստ փակ գործում: Քաղաքապետը խուսափել է հանդիպել բնակիչների հետ, նամակներին էլ չի պատասխանել:
Սակայն փաստն այն է, որ քաղաքապետը քաղաքի ամենականաչ, գիտնականներով հարուստ թաղամասին չի ընդառաջում, չի պատասխանում, չի երկխոսում բնակիչների հետ, սակայն հանդիպում է, երկխոսում է, հավանաբար, չեմ կարող վստահ ասել, միգուցե գործարք ունի կառուցապատողի հետ»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Նա ընդգծեց՝ օրերս քաղաքապետը թաքուն տվել է շինթույլտվություն, կառուցապատողը սկսել է փորման աշխատանքները՝ տարածքը ցանկապատելու ու շինաշխատանքները սկսելու համար:
Գիտավանի բնակիչը նաև հայտնեց, որ նախորդ տարի քաղացացիների պահանջով թաղամասը գրանցվել է հուշարձանների ցանկում:
«Մենք ունենք բազմաշերտ խնդիր՝ կանաչ տարածքի, կեղծ հիմունքներով հանրային տարածքի զավթման, սեփականաշնորհման, հուշարձանային տարածքի աղճատման»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Նա նշեց, որ իրենց կողմից բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել:
«Տարածքում շինաշխատանքներն կասեցվել են, շրջակա միջավայրի նախարարությունում ծանոթանել են փաստաթղթերին, տեսել են, որ կառուցապատման ծրագիրը ՇՄԱԳ փորձաքննություն չի անցել, քանի որ կառուցապատողը կեղծել է մակերեսի տարածքը, փոքր մակերես է գրել, որպեսզի չանի ՇՄԱԳ, իսկ իրականում պարտավոր էր անել: Այս հիմքով կասեցվել է, որպեսզի ենթարկվի քննության»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիայի վայր «Ֆիզգարադոկ»-ից երեխա է տեղափոխվել հիվանդանոց, ՄԻՊ արագ արձագանքման խումբ է այցելել
- ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ
- «Ֆիզգոռոդոկ» թաղամասից քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- Ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա ինչ-որ ծամածռություններ անի. «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին