Լուսանկարներ, որ պատմում են Հայաստանի թռչունների մասին
Բնության հրաշքներն անմահացնելու համար Բեռտա Մարտիրոսյանը հետախույզի որակներ է ձեռք բերել ու զարգացրել՝ լավ քողարկվում է, փորի վրա սողում, թփերում անշարժ ու լուռ սպասում այնքան, մինչև որսա պահը։
Լուսանկարիչն օդում, ջրում, ցամաքում ավելի քան 150 տեսակի թռչուն է լուսանկարել, որից մոտ 20-ն ընդգրկված են Կարմիր գրքում, ինչպես նաև շնագայլեր, այծեր, սարդեր, մողեսներ, սկյուռներ, նապաստակներ։ Դրանցից յուրաքանչյուրը ցույց է տալիս բնության կատարելությունն ու Բեռտայի համառությունը։
Panorama.am-ի հետ զրույցում Բեռտան անկեղծանում է, առավել շատ սիրում է թռչունների լուսանկարել, երազում է նկարել ֆլամինգո, որոնք չուի ժամանակ նստում են Հայաստանում, կովկասյան մայրահավ ու մեծ արոս։
Թռչունների նկատմամբ սերն անցել է պապիկից՝ Բերտ Մարտիրոսյանից, որ աշխատում էր կենդանաբանության ինստիտուտում, «Հայաստանի թռչունները» գրքի համար մասնակցել է դաշտային աշխատանքներին։ Կենսաբան պապիկի աշխատավայր այցելությունները, ինստիտուտի հայտարարած լուսանկարների մրցույթներին մասնակցությունը վճռեցին՝ Ճարտարապետական համալսարանի ինտերիեր դիզայնի բաժինն ավարտած աղջնակը զբաղվելու է հենց թռչուններ լուսանկարելով։
«Այս որորներին նկարել եմ 2016 թվականին Սևանում, այդ ժամանակ ինտենսիվ չէի լուսանկարում թռչուններ։ Եթե պատահում էր հետաքրքիր կադր, նկարում էի։ Համավարակի ընթացքում, երբ փակված էի տանը, թռչուններին լուսանկարում էի մեր բնակարանի պատուհանից, հետո սկսեցի ավելի հաճախ նկարել»,- պատմում է նա։
Ահա պատուհանից արված մի լուսանկար։
Բեռտան լուսանկարելուց առաջ թռչնաբանության դասընթացների է մասնակցել, սովորել դրանց առանձնահատկությունները, հիմա արդեն գիտի՝ ցանկալի կադրի համար որ սեզոնին, որ ժամին որտեղ պետք է լինել։ Մինչ «որսի» գնալն ուսումնասիրում է Հայաստանի քարտեզն ու կազմում աշխատանքային պլանը։ Օրինակ, ջրային, ճահճային թռչուններ նկարելու համար շտապում է Արարատի մարզ՝ Արմաշ, Ռանչպար, Նորամարգ, Սևան, սկյուռիկների հետ հանդիպման լավագույն վայրը Երևանի բուսաբանական այգին է, շնագայլերին նկարել է Սիսիանի մոտ։
Բեռտայի ամենասիրելի լուսանկարներից մեկը՝ սպիտակ փոքր տառեղ։
«Եղել է, որ կես ժամում նկարել եմ այն, ինձ ինչ պետք է, բայց եղել են լուսանկարներ, որոնք ստանալու համար սպասել եմ մինչև 5-6 ժամ, արել նույնիսկ 100 կադր։ Օրինակ, որորների կադրն ունենալու համար սպասել եմ չորս ժամ։ Նախ կերակրեցի նրանց, մոտեցան, հետո սկսեց կերի համար պայքարը։ Հենց ադ պահին էլ նկարեցի այս նկարը։ Սկյուռիկներին նկարելու համար նախ անշարժ եմ մնում, նրանց երկար պահում եմ իմ տեսադաշտում, հետո հենց հայացքը թեքում են, անաղմուկ առաջ եմ գալիս, հետո էլի անշարժանում։ Օրինակ, այս սկյուռին նկարել եմ աշնանը։ Ձմռան վերջին նախապատրաստական աշխատանքների մեջ էր, հավաքած տերևները, կաղինը տարավ փչակ, վերադարձավ, հետո ինձ նկատեց, 3-4 րոպե ակնդետ իրար էինք նայում։ Հենց այդ ընթացքում էլ նկարեցի, դուրս եկա ու հեռացա, որ սկյուռը շարունակի իր աշխատանքը»,-պատմում է նա։
Այս փայտփորիկին նկարելու համար էր ժամեր է սպասել, նախ լսել է ձայնը, ապա սկսել փնտրել նրան, գտել է, ու ահա արդյունքը։
Լուսակարելու ընթացքում Բեռտան հասկացել է՝ բնությունը կատարյալ է։
«Այս ամենը պահպանելու համար շատ կարևոր է մարդիկ ճանաչեն բնությունը, կենդանական աշխարհը, այդ դեպքում ավելի սրտացավ կլինեն, կիմանան, օրինակ, հանքը շահագործելու կամ անտառը կտրելու հետևանքները»,- ասում է նա։
Հիմա Բեռտան մտածում է մի ֆոտոգիրք հրատարակել, իսկ մինչ այդ լուսանկարները նա հրապարակում է ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան