Ինչպիսի՞ն պետք է լինի Ախալքալաքի քաղաքապետը. Ախալքալաքցիների կարծիքը
Միջին տարիքի տղամարդ, կրթված, մարդկային և բնակչության խնդիրների մասին մտածող՝ ահա, թե ինչպես են մարդիկ պատկերացնում Ախալքալաքի իդեալական քաղաքապետին: JNEWS-ը հարցում է անցկացրել քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսին պետք է լինի այս պաշտոնը զբաղեցնող անձը:
Վրաստանում հոկտեմբերի 2-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Ինչպես Վրաստանի այլ շրջաններում, Ախալքալաքում նույնպես կընտրեն քաղաքապետին և Սակրեբուլոյի պատգամավորներին:
Մեծահասակների կարծիքը
Մեր կողմից հարցված Ախալքալաքի տարեց բնակիչներից շատերը նշեցին, որ քաղաքապետը պետք է առաջին հերթին լինի մարդկային: Տարիքը, շատերի կարծիքով, կարևոր չէ, բայց կային մեծահասակ մարդիկ, ովքեր կնախընտրեին տեսնել երիտասարդ քաղաքապետի:
«Առաջին հերթին նա պետք է լինի իսկական մարդ: Սա ամենաբարդ մասնագիտությունն է: Եթե նա մարդ լինի, ուրեմն նա իր գործունեությունը կկատարի մարդկային ձևով՝ մարդկանց համար»:
«Նա պետք է ունենա մարդկային մոտեցում»:
«Որքան երիտասարդ լինի, այնքան լավ: Նրանք ծերերին են քաղաքապետ նշանակում, ինչների՞ս է դա պետք»:
«Կարևոր չէ, թե ինչ տեսք ունի, մենք ուզում ենք, որ լավ հետևի քաղաքին»,-մեկը մյուսի հետևից արտահայտվում են «Խաս Բախչա» զբոսայգում նստած տղամարդիկ:
«Պետք է լինի մարդկային, կրթված: Ամենից շատ ուշադրություն դարձնի մարդկանց խնդիրներին»,- նշում է տարեց կինը:
Երիտասարդներ
Ախալաքալաքի երիտասարդ բնակիչները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ քաղաքում մշակութային ժամանցի համար տեղեր չկան, սակայն, ինչպես մյուս հարցվածները, նրանք նույնպես անտարբեր չլինելը նշեցին որպես քաղաքապետի անհրաժեշտ որակ:
«Եթե դառնում են քաղաքապետ, ապա չպետք է նստեն այնտեղ միայն պաշտոնի համար: Պետք է քաղաքում նոր վայրեր կառուցեն, որպեսզի մարդիկ ժամանակ անցկացնելու տեղ ունենան: Մենք ունենք միայն այգի և եկեղեցի: Նա անպայման պետք է բարձրագույն կրթություն ունենա»:
«Խոստումներ չպիտի տա: Եթե մարդը շատ խոստումներ է տալիս, ապա նշանակում է, որ այնքան էլ վստահելի չէ: Գլխավորը գործով ցույց տալն է: Գոռոզ չպիտի լինի, պետք է մտնի ցանկացած մարդու դրության մեջ: Ջավախքի բնակիչն ավելի լավ գիտի շրջանի խնդիրները և ավելի լավ է պատկերացնում, թե ինչպես դրանք լուծել: Նա պետք է հետևի, որ օգնությունը հասնի իր շահառուներին, պետք է զարգացնի առողջապահությունը»:
«Պետք է լինի լավ կառավարիչ, որպեսզի կարողանաս կառավարել մարդկանց այնպես, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, այլ ոչ թե մեկ հոգին՝ հարյուր գործ: Ամենակարևորը շփվելն է ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդների հետ, լսող լինելը՝ ուրիշների կարծիքը լսելու ունակությունը: Իհարկե, նա պետք է լինի բարի, բայց միեւնույն ժամանակ խիստ, որպեսզի նրան և՛ սիրեն, և՛ հարգեն:
Աշխատանքի առումով նա պետք է ընդունի բոլորին, լսի, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեն, և լուծի դրանք, այլ ոչ թե թողնի դրանք հետոյի համար»:
«Իդեալական քաղաքապետը նա է, ով ամեն ինչ անում է քաղաքի և իր ժողովրդի համար: Օրինակ, կան շատ մարդիկ, ովքեր ասում են, որ դիմել են ինչ-որ հարցով, բայց քաղաքապետարանն անտարբեր է գտնվել: Տարիքը պետք է լինի այնպիսին, որ նա փորձ ունենա»:
«Ամենակարևորը, որ մտնի բոլորի դրության մեջ, և դրանք դատարկ խոստումներ չլինեն: Իսկական քաղաքապետը պետք է լինի հասարակ ժողովրդի շարքերից, որպեսզի հասկանա բնակիչների խնդիրները, այլ ոչ թե այնպես լինի, որ նրան «ծանոթի միջոցով» նշանակեն: Տարիքը կարևոր չէ, մեծահասակը փորձ ունի, իսկ երիտասարդը մտածում է ավելի նորարար, ժամանակին համահունչ: Ես ուշադրություն կդարձնեի կրթությանը և քաղաքի մշակութային զարգացման ոլորտին»:
Միջին տարիքի մարդիկ
Միջին տարիքի կանայք և տղամարդիկ կարծում են, որ ամենաշատն իր աշխատանքում քաղաքապետը պետք է ուշադրություն դարձնի բնակչության կարիքավոր շերտերին:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա