Ձեր իշխանության օրոք է սկսվել շփոթը. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին
«Ձեզանից առաջ հայ ժողովուրդը շատ հստակ որոշել էր, թե ինչպես է փորձում լուծել Ղարաբաղի հարցը, որն ամրագրված է երկու հանրաքվեներով և հռչակագրերով, որոնք բացառիկ փաստաթղթեր են և միաձայնությամբ են ընդունվել»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Հայաստանի և ԼՂՀ-ի հռչակագրերի մասին:
Ռուստամյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում պատերազմի սկսման պատճառը համարեց Արցախի վերաբերյալ ոչ հստակ դիրքորոշումները և այդ հարցերում եղած շփոթը:
Պատգամավորը հայտնեց, որ իրոք այդպես է, բայց այդ շփոթն առաջացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, քանի որ հայկական դիրքորոշման մեջ ամրագրված է եղել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, բայց այնտեղ եղել է հստակ նշված հերթականություն՝ կարգավիճակ, հետո՝ տարածքներ:
«Միացումը միշտ մեր համար եղել է ռազմավարական նպատակ, իսկ անկախությունը եղել է այդ նպատակին հասնելու մարտավարական հանգրվան»,- հայտարարեց Ռուստամյանը և շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք սկսվել է շփոթը, երբ նա ասել է, որ չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ նրա կողմից չի ընտրվել և Արցախը պետք է լիիրավ մասնակցի բանակցություններին և հետո ասել է, թե Արցախը Հայաստան է ու վերջ:
«Միացումը և անկախությունը հաջորդաբար իրար լրացնում են, իսկ միաժամանակ՝ հակադրվում»,-նկատեց Ռուստամյանը և հավելեց. «Դրանք միաժամանակ հնչեցնելուց հետո ասացիք՝ պետք է լինի լուծում, որը բավարարի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, հետո ունեցանք իրավիճակ, որը բավարարեց միայն Ադրբեջանին»:
Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ իր ժամանակ հակասություններ են եղել, բայց և պնդեց, որ Արմեն Ռուստամյանի խոսքերը դուր են գալիս Ադրբեջանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը տարակուսեց, թե ինչու պետք է Ադրբեջանին դուր գա իր խոսքը, և կրկնեց, որ իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը շեղվել է «կարգավիճակ՝ հետո տարածք» հերթականությունից, դրա հետևանքով էլ տեղի ունեցածը Ադրբեջանի օգտին է՝ տարածքները վերահսկում է Ադրբեջանը, իսկ կարգավիճակ չկա:
«Գլխավոր հաղթաթուղթը կորցրել ենք և կորցրել ենք ձոր իշխանության օրոք»,- հայտնեց Ռուստամյանը և հավելեց. «Հասկանալի է, որ եթե Արցախի անկախությունը հռչակվեր, ապա Ադրբեջանը միանգամից կցանկանար, որ Արցախը միանար Հայաստանին, քանի որ ՄԱԿ-ում երկու հայկական ձայն չէր ցանկանա ունենալ, դուք չեք յուրացրել սա և հայտարարել էիք. որ պետք է սկսեիք ձեր կետից»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- ՊՊԾ պետը թույլ է տվել օրենքի խախտում, հանցագործություն է կատարել. Արծվիկ Մինասյան
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- Ղազինյան. Ալիևին իշխանությունների նոր արձագանք չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան