Մինասյան. Կմնանք դահլիճում, հարցեր կտանք՝ բացահայտելու խմբակի կատարած հանցանքները
«Հայաստանում առկա է խորագույն ներքաղաքական ու անվտանգային ճգնաժամ, որը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ, ապիկար, անգրագետ քաղաքականությամբ, 44-օրյա պատերազմով, դրա աղետալի ու կործանարար հետևանքներով»,-վարման կարգով ելույթ ունենալով՝ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մինչ կանցնեին կառավարության ծրագրի ներկայացմանը։
Նրա խոսքով, ներքաղաքական ճգնաժամն ունի հավաքական ու անհատական դեմք, անուն, ազգանուն և անվանում։
«Նրանք հիմա նստած են դահլիճում և պատրաստվում են ներկայացնել կառավարության «հնգամյա ծրագիր» անունը կրող, իրականությունը քողարկող այս կեղծ փաստաթուղթը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Գործադիրից ԱԺ-ում ներկա էին Նիկոլ Փաշինյանը, նրա տեղակալներ Սուրեն Պապիկյանն ու Մհեր Գրիգորյանը։
Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ 2019-ին ԱԺ ամբիոնից նույն մարդիկ ներկայացնում էին նմանատիպ մեկ այլ ծրագիր, որի ոչ մի դրույթ կյանքի չկոչվեց։
«Իրականացվեց այլ՝ դավադիր, գաղտնի ծրագիր անվտանգային համակարգի, արտաքին քաղաքականության կործանման, հազարովոր զոհերով ու մեր հայրենիքին հասցված կորուստների հետևանքներով»,-նշեց նա։
«Հայատան» խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ իրենց քաղաքական ուժը ծրագրի ներկայացման ընթացքում մնալու է ԱԺ դահլիճում, օգտվելու է հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու իր իրավունքից՝ «նպատակ ունենալով բացահայտելու խմբակի կատարած ու պլանավորած հանցանքները մեր պետության ու ժողովրդի դեմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան