Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսային գերակշռող շտամը «դելտա»-ն է. Ավանեսյան
«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերն օրեցօր ավելանում են: Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթացում են գտնվում, հընթացս պետք է ավելացնեն իրենց հզորությունները:
Նախարարը նշեց, որ արձանագրում են հիվանդության երիտասարդացում, հիվանդության ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը բժիշկների գործն էլ ավելի է ծանրացնում:
«Սա նշանակում է, որ կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչն առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի կբարդացնի իրավիճակը:
Այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնությունից, հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է:
Եթե նախկինում վատթարացման օրերը հիվանդության ի հայտ գալուց 5-6-7 -րդ օրերին էին լինում, ապա այս պարագայում շատ դեպքերում 3-4-րդ օրը տեսնում ենք վիճակի շեշտակի վատթարացում»,- նշեց նա:
Ա. Ավանեսյանն ասաց, որ այս պահին 20 և 28 տարեկան պացիենտներ ունեն, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունեն, սակայն միացված են արհեստական շնչառության ապարատներին, կյանքի համար պայքար են մղում: Ըստ նրա, հիվանդության երիտասարդացում նկատվում է ամբողջ աշխարհում, ինչը հենց «դելտա» շտամի բնորոշիչ հատկություններից է:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ իրենց ընթացիկ հետազոտությունների համաձայն, ներկայումս Հայաստանում շրջանառվող գերակշռող շտամը «դելտա» շտամն է. «60 հետազոտությունից 50-ից ավելին «դելտա» է, նշանակում է, որ այն բավականին ագրեսիվ շտամ է, ճնշել է մնացած շրջանառվող շտամները: Գարնանը գերակշռող էր անգլիական շտամը:
Մասնագետները սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են: Եթե առաջ համ ու հոտի կորուստը բավական բնորոշիչ էր կորոնավիրուսյին վարակին, «դելտա» շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Բացի դրանից, ավելի հարբուխային սիմպտոմներ ունի»:
«Առաջիկայում մեզ սպասվում է ուսումնական տարվա մեկնարկ, կարևոր է, որ մինչև այս գործընթացը սկսվելը, հնարավորինս շատ ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ուսանողներ պատվաստվեն, ինչը կօգնի կանխելու առաջիկայում այս մեծ տեղաշարժերի պարագայում հիվանդացության տարածումը»,- ասաց առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- 24.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 23.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 11 քաղաքացի
- Կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացման միտում կա. ՀՀ առողջապահության նախարար
- Անահիտ Ավանեսյան. Հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է
- Անահիտ Ավանեսյան. Նոր բռնկումների վտանգն առկա է
- Կրթական հաստատությունների ներկայացուցիչներին կառավարությունը կպարտադրի ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին