Եթե տեսնեք այն մարմնական վնասվածքը, որ ստացել է Արծվիկ Մինասյանը, դա խուլիգանական վարքագիծ է. Վարդևանյան
«Երբ մենք խոսում էինք բռնապետության մասին, շատերը դա ընկալում էին միգուցե շատ խիստ գնահատական: Երևի թե նախկին շատ տարբեր բռնապետերի՝ Սադամ Հուսեյնի, Պինոչետի ժամանակ նման վարքագիծ պառլամենտական շենքում չէիք տեսնի»,- ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ տեղի ունեցածը դառնալու է բավականին էական քրեական գործ, իսկ այն, թե բարոյական ինչ գնահատականի պետք է արժանանան, ինչպիսի վարքագիծ էին դրսևորում պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ, իրականում մարդկայնորեն գարշանք էր առաջացնում, որ տղամարդը կարող էր նման վարքագիծ դրսևորել կնոջ նկատմամբ, առավել ևս երիտասարդ աղջկա նկատմամբ:
Ա. Վարդևանյանի խոսքով, պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ վարքագիծն էլ քրեորեն հետապնդելի արարք է իր մեջ պարունակում:
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի պարոն Մինասյանը դատաբժշկական որոշակի փորձաքննության ենթարկի և այն անձինք, ովքեր դրսևորել են այդ վարքագիծը, կոնկրետ հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
Եթե դուք տեսնեք այն մարմնական վնասվածքը, որ ստացել է Արծվիկ Մինասյանը, հրմշտոց չէ, խուլիգանական վարքագիծ է, իսկ խուլիգանական վարքագիծ դրսևորողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Չկասկածեք դրանում: Կպատժվեն հիմա՝ այս դատախազության պայմաններում, թե որոշակի ժամանակ անց, չկասկածեք դրանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ հաղորդում են ներկայացնելու հանցագործության մասին:
«Այսօրվա դեպքը Հայաստանի՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրած երկրի համար խայտառակության էջերից մեկն էր»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը:
Հարցին՝ ինչի՞ց է այդքան վախենում այս իշխանությունը, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Դրա պատասխանը կգտնեք նրանում, որ ընտրության արդյունքներն իրականում չեն արտահայտել իրական պատկերը, դրանով էլ հենց վախենում են»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց