Շատ հնարավոր է, որ ինչ-որ բան եղել է կազմակերպված. Փաշինյանը՝ արցախյան պատերազմի մասին
«Տեղի ունեցավ մի զարհուրելի, զազրելի տեսարան, երբ զինվորական համազգեստով մի քանի տասնյակ տղամարդ ուղղակի հարձակվել էին մի աղջկա վրա և փորձում էին հեռացնել դահլիճից, որը հային, տղամարդուն ոչ վայել վարքագիծ է»,- պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցածի մասին իր կարծիքը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը և նկատեց, որ այն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունից հետո, երբ նա ասաց, թե ընդդիմադիր կին պատգամավորի հանդեպ իշխանական տղամարդ պատգամավորների կոշտ վերաբերմունքը քիչ է, շատ պետք է անեին:
Ղազինյանը հայտնեց, որ Փաշինյանի այդ խոսքը համարում է սադրանք և գործողությունների անցնելու հրաման:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ «դուք»-ով է դիմում Փաշինյանին, բայց այն նրա անձի հետ կապ չունի, այլ այն քաղաքացիներին է հարգում, որոնք ձայն են տվել նրան և այն պաշտոնի հետ է կապված, որը նա զբաղեցնում է ժամանակավորապես:
«Վերջին 10 ամիսների ընթացքում ձեր կողմնակիցները, ֆեյքային ֆաբրիկաները տարածում են մի այսպիսի թեզ՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, նախկինները Ղարաբաղը ծախել էին, խեղճ հարիֆի գլխին ջարդվեց»,- հայտարարեց Ղազինյանը և շեշտեց, որ նրա գլխին ոչինչ չի ջարդվել, ամեն ինչ նրա կողմից արվել է կազմակերպված և ծրագրավորված, հասցվել է նպատակին և ներկայում էլ ընթացքի մեջ է:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ուրախ է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները վեր հանելու քննիչ հանձնաժողով է ձևավորվելու և պետք է քննվի նաև բանակցային գործընթացը:
«Շատ հնարավոր է, որ ինչ-որ բան եղել է կազմակերպված, մեր խնդիրն է պարզել, թե ո՞վ է կազմակերպել և ինչ նապատակներով»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ Փաշինյանի պատասխանից պարզ դարձավ, որ իր գլխին իրոք, ոչինչ չի կոտրվել և նա հնարավորություն է ունեցել կանխելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ:
Պատգամավորը հայտնեց, որ իրենը կարծիք չէ, այլ համոզմունք է և ինքը դավաճանության մասին հաղորդում է ներկայացրել, իսկ դատախազությունը օրենքի խախտմամբ ընթացք չի տվել այդ քրեական գործին, որին հաջորդել է պետական դավաճանության մասին ևս 5 ներկայացված հաղորդում, որոնք նույնպես ընթացք չի տրվել:
Ըստ Ղազինյանի՝ քաղաքական ցուցումով քրեական գործերը մերժվել են, այն դեպքում, երբ կարող էին հարուցել և քննության ընթացքում հասնել ճշմարտության:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին