Աֆղանստանը կարող է վերածվել Թուրքիայի վերահսկողության ներքո նոր «Սիրիայի». փորձագետ
ԱՄՆ զորքերի դուրս բերումը Աֆղանստանից շարունակում է մտահոգել ամերիկյան պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներին: Կոնգրեսականներն ու փորձագետները իրենց կարծիքն են հայտնում այս կապակցությամբ,։
Ինչպես գրում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեռը կոչ է անում հատուկ կարգավիճակ տրամադրել այն աֆղանիստանցիներին, ովքեր աջակցել են ԱՄՆ-ին եւ թալիբների իշխանության գալուց հետո ձգտում են հեռանալ երկրից՝ վախենալով սեփական անվտանգության համար:
Կոնգրեսականը կարևորում է այնտեղ գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիների, գրին քարդ ունեցողների, մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների, լրագրողների ու օրենսդիրների անվտագությունը:
«Եթե նրանք ցանկանում են գալ ԱՄՆ, ապա մենք նրանց համար պետք է ստեղծենք Priority 2 հատուկ տեսակի վիզա, որը նրանց կտրամադրի փախստականի կարգավիճակ»,- նշում է կոնգրեսականը:
Ըստ Սփիեռի՝ ԱՄՆ չի կարող պարտադրել իր ժողովրդավարությունն այլ երկրներին: Բոլորիս համար ցավալի է տեսնել, թե ինչպես է Աֆղանստանն այդքան արագ անցնում թալիբների ձեռքը, նշում է կոնգրեսական Սփիեռը:
«Մենք 20 տարի ներդրումներ ենք կատարել Աֆղանստանի անվտանգության ոլորտում: Ծախսել ենք ավելի քան 89 միլիարդ դոլար՝ նրանց վերապատրաստելով, տրամադրելով տեխնիկա՝ իրենց երկիրը պաշտպանելու համար: Սա իսկապես կարևոր ազդակ է ամերիկյան հանրության համար»,- ասում է կոնգրեսականը:
Վերլուծաբան Մայքլ Ռուբինը Աֆղանստանից զորքեր դուրս բերելու Բայդենի որոշումը քաղաքական է որակում: Ըստ վերլուծաբանի՝ նախագահը գտնում է, որ ավելի ցանկալի է կենտրոնանալ ապագա, այլ ոչ թե, Բայդենի բնորոշմամբ, անցյալ սպառնալիքների վրա: Ռուբինը, սակայն, համակարծիք չէ այս մոտեցմանը: Նա որոշումը դիտարկում է խնդրահարույց, քանի որ, ըստ իրեն, թալիբները չեն պատրաստվում փոխել իրենց գործելաոճը:
«Դա տարածաշրջանում բացում է ՛՛պանդորայի արկղը՛՛: Անկասկած, դա մեծ անկայունություն է ստեղծում ողջ տարածաշրջանում, քանի որ թալիբները և նախկինում և ներկայումս ապահով հարթակ են տրամադրում տարբեր ահաբեկչական կազմակերպություններին»,- նշում է Ռուբինը:
Այս մոտեցումը մասամբ է կիսում Միջազգային հարաբերությունների ու անվտագության գերմանական հաստատության ահաբեկչության գծով ավագ փորձագետ Գուիդո Սթեյնբերգը, ով DW գերմանական լրատվականի հետ զրույցում նշել է, որ աֆղանական զարգացումների արդյունքում պետք է ակնկալել, որ կամրապնդվեն ոչ միայն Դաեշ-ն ու Ալ-Քաիդան, այլ նաև Աֆղանստանի և Պակիստանի ավելի փոքր խմբավորումներ:
Սթեյնբերգը, սակայն, որոշ վերապահումներ ունի այս հարցում՝ մատնանշելով Դաեշ-ի և Ալ-Քաիդայի միջև առկա ոչ միանշանակ հարաբերությունները: Նա ընդգծում է՝ «Իսլամական պետություն» խմբավորումը թշնամաբար է տրամադրված ոչ միայն Ալ-Քաիդայի, այլ նաև Թալիբանի նկատմամբ, ուստի եթե թալիբները վերականգնեն 1996-2001 թթ-ի իսլամական էմիրությունը Աֆղանստանում, դա չի նշանակում, որ Դաեշ -ը ինքնաբերաբար կուժեղանա:
Մայքլ Ռուբինն էլ կանխատեսում է Աֆղանստանում մի շարք երկրների ազդեցության կտրուկ աճ, հատկապես Պակիստանի ու Չինաստանի: Ըստ նրա՝ այս զարգացումները մեծ անհանգստություն են պատճառում Իրանին և Ռուսաստանին:
«Չինաստանը գերիշխող ուժ է, երբ խոսքը վերաբերում է Պակիստանին: Հետևաբար, Չինաստանը գերիշխող է նաև, երբ խոսքը գնում է Պակիստանի փրոքսի հանդիսացող թալիբների մասին»,- նշում է Ռուբինը:
Ռուբինը դիտարկում է նաև այստեղ Թուրքիայի ազդեցության տարածման հավանականությունը՝ նշելով, որ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ թալիբների հետ իրենք չունեն գաղափարախոսական հակասություններ: Անկարան այստեղ հետապնդում է գաղափարախոսական և կոմերցիոն շահեր, կարծում է վերլուծաբանը, ով նաև չի բացառում, որ Աֆղանստանում կացությունը կարող է նմանվել Սիրիայի իրադրությանը, սակայն, Թուրքիայի վերահսկողության ներքո:
«Եթե Էրդողանը կարողանա թալիբներին համոզել, որ ինքը դաշնակից է սուննի իսլամիստների կրոնական համերաշխության տեսանկյունից, ապա նա կփորձի կոմերցիոն կերպով շահագործել այդ հարաբերությունները: Դա նրա հիմնական հետաքրքրությունն է այժմ: Հավանաբար, նա ցանկանում է ստանալ որոշ կոնտրակտներ, որոնք, օրինակ, նախկինում Աֆղանստանում իրականացնում էին հնդիկները»,- ասում է Ռուբինը:
Վերլուծաբանը չի բացառում, որ ամերիկյան զորքերի դուրս բերումն անուղակիորեն իր ազդեցությունը կունենա նաև Հարավային Կովկասի վրա: Ըստ նրա՝շատ տերությունների մոտ, և հատկապես ՌԴ-ի, կարող է ձևավորվել կարծիք, որ ԱՄՆ-ն անկում ապրող տերություն է, ուստի նրանք կարող են ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել ամերիկացիների նկատմամբ:
Պուտինը կարծում է, որ ամերիկացիները մի կողմից թուլացած են, իսկ մյուս կողմից կենտրոնացած այլ խնդիրների վրա, որպեսզի փորձեն ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում: Հավանաբար, Մոսկվան պատրաստվում է օգտագործել այս երկու գործոնները` իր ներկայությունը Հարավային Կովկասում ավելի ուժեղացնելու համար, կարծում է վերլուծաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան