Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներդրել է ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել հետվիրահատական բարդությունները և զգալիորեն բարելավել վիրահատական բուժման արդյունքները: Այդ նպատակով ՈւԱԿ- ը ձեռք է բերել հատուկ սարքավորում, որը նորույթ է հայաստանյան առողջապահական համակարգում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը, ֆլուորեսցենտային հետազոտությունները նորագույն, գերժամանակակից հետազոտություններ են, որոնք լայնորեն կիրառվում են ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով:
Հետազոտության ընթացքում ներարկվում է հատուկ կոնտրաստային նյութ, որը ինֆրակարմիր սպեկտրում լուսարձակում է, ինչը որսում է խցիկը և փոխանցում էկրանի վրա։ Մեթոդն ունի բարձր ինֆորմատիվություն, ցածր տոքսիկություն պրոֆիլ, և կեղծ բացասական գործակցի ցածր ցուցանիշ։
Բժշկի խոսքով, ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունների ժամանակ` որպես ներվիրահատական հետազոտություն ֆլուորեսցենտային եղանակը կիրառվում է մի շարք ոլորտներում.
1. Այս հետազոտության շնորհիվ հայտնաբերվում են այսպես կոչված պահակային ավշային հանգույցները կրծքագեղձի, մաշկի չարորակ նորագոյացությունների ժամանակ։ «Պահակային ավշային հանգույցը ուռուցքով ախտահարված առաջին ավշային հանգույցն է, և դրա հետազոտությունը հնարավորություն է տալիս խուսափել առողջ, չախտահարված ավշահանգույցների հեռացումից և նվազեցնել վերջույթի այտուցի առաջացման հավանականությունը», - պարզաբանեց բժիշկը։
2. Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ֆլուորեսցենտային հետազոտությամբ հայտնաբերվում են հարվահանագեղձերը, գնահատվում է դրանց կենսունակությունը։ «Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ավելի շատ բարդություններ ունենում ենք ոչ թե ձայնալարարի, այլ հենց հարվահանագեղձերի վնասման հետևանքով։ Հարվահանագեղձերի պահպանումը զգալիորեն բարելավում է կյանքի որակը, որովհետև դրանց հեռացման դեպքում հիվանդն ամբողջ կյանքում տառապում է շատ ծանր բարդությամբ՝ արյան մեջ կալցիումի մակարդակի նվազմամբ, և ստիպված է ողջ կյանքում ընդունել կալցիումի դեղամիջոցներ», - ասաց բժիշկը։
3. Պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների ժամանակ այս հետազոտությամբ որոշվում է տեղափոխվող հյուսվածքների արյունամատակարարման աստիճանը, գնահատվում է այդ հյուսվածքների կենսունակությունը, վերջնական արդյունքում զգալիորեն բարելավվում են վիրահատական բուժման արդյունքները:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով, կենտրոնը որդեգրել է այն քաղաքականությունը, որ անպայման ունենա աշխարհում ուռուցքաբանության մեջ կիրառվող բոլոր նորարական սարքերը, և այս սարքը դրանցից մեկն է։
«Ժամանակակից ուռուցքանության մեջ այն շատ կարևոր դերակատարում ունի, և որոշակի տեղակայման քաղցկեղների դեպքում տրավմատիզացիան է փոքրացնում, վիրահատության ծավալն է փոքրացնում, և պացիենտները հետագայում խուսափում են հաշմանդամությունից», - ասել է նա։
Տնօրենը հավելել է, որ կենտրոնը վերջին երկու տարվա ընթացքում ձեռք է բերել մոտ 80 սարքավորում, որոնցից մոտ 20-ը ամենաբարձր մակարդակի են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները