Կառուցապատողը չի պատասխանել մի շարք հարցերի․«Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչ
«Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչ Սեդա Գրիգորյանը գրում է․
«Քանի որ, ցավոք, ԱԺ շշերի պարը հանրությանը շեղում է օրակարգային թեմաների զարգացումներից, ամփոփ ներկայացնեմ, որ Հոդված 3-ի զում-հանդիպման ժամանակ արձանագրեցինք.
- Կառուցապատող կազմակերպության ղեկավարը նախկինում աշխատել է ոստիկանությունում` անձամբ թվարկեց, թե որ բաժնում քանի տարի. սա արդարացի հիմք է տալիս ՖիզԳորոդոկի բնակիչների դեմ ոստիկանության արտառոց ակտիվության եւ բիրտ ուժի գործադրման մեջ տեսնել նրա անձնական կապերի ազդեցությունը։
- Կառուցապատողը շարունակում է պնդել սեփականաշնորհման համար հիմք հանդիսացած նկուղի առկայության հանգամանքը, թեեւ տեղում երբեւէ որեւէ նկուղ չի եղել։ Ըստ էության, կառուցապատողն իրեն ներկայացնում է որպես հանրային տարածքի ապօրինի զավթման մեղավորների պատասխանատվությունը կիսող իրավահաջորդ` պաշտպանելով նախկինում կատարված ապօրինությունը։
- Կառուցապատողը ցույց տվեց 2008թ. ՇՄԱԳ փաթեթ` բառացիորեն ասելով «մեր ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 2008-ին ՇՄԱԳ է անցել»: Իհարկե, ես բացատրեցի, որ դա տարրական մանիպուլացիա է, որ ՇՄԱԳ անցնում են ոչ թե կազմակերպությունները, այլ նախագծերը, իսկ իր ներկայացրածը 2008-ի լրիվ այլ նախագծի ՇՄԱԳ էր։ Հետաքրքիր է, որ քաղաքապետարանի խոսնակը որեւէ կերպ չարձագանքեց այս մանիպուլացիային` հերթական անգամ դա թողնելով քաղաքացու վրա։
- Կառուցապատողը չպատասխանեց այն հարցերին, թե արդյոք որպես կառուցապատման մակերես ներկայացված 1200քմ-ի մեջ շենքի մակերեսից բացի մտնում են նաեւ կանաչ տարածքի փոխարեն կառուցվելիք ճեմուղիներն ու ճանապարհները։
- Կառուցապատողը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք պահպանվել են հակահրդեհային միջոցառումների համար հրշեջ մեքենայի մոտեցման համար անհրաժեշտ նորմերը։
- Քաղաքապետարանի խոսնակը, ինչպես միշտ, աչքի ընկավ հենց րոպեներ առաջ հնչեցված իմ խոսքերի խեղաթյուրմամբ ու մանիպուլացիայով, վերջում հնչեցրեց աբսուրդի հասնող խոսք, թե` ինչ տարբերություն` համայնքային հողի զավթման գործի իրավական քննությամբ զբաղվի քաղաքացին, թե քաղաքապետարանը` փաստացի ասելով, որ եղել են դեպքեր, երբ քաղաքապետարանը հետամուտ է եղել նման հարցերով, այսինքն` տիրապետում է գործիքակազմին եւ սա լիովին տեղավորվում է իրենց լիազորությունների շրջանակներում։ Թե ինչու հենց ԱՅՍ դեպքում քաղաքապետարանը, կրավորական կեցվածք բռնած, իրավական գործընթացներն սկսելու ու վարելու ողջ պատասխանատվությունը թողնում է քաղաքացիների ուսերի վրա, խոսնակը չկարողացավ ձեւակերպել, ինչը հերթական անգամ փաստում է, որ խնդիրը հանգուցալուծում չի ստանում նաեւ քաղաքապետարանի հանցավոր անգործության պատճառով։
- Կառուցապատողի կողմից մեղադրանք հնչեցվեց Արսեն Կարապետյանի հասցեին առ այն, որ նա հայտարարում է քաղշին խորհրդին ներկայացված կեղծ տեղեկությունների մասին։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը կրկին լուռ դիտորդի դերում էր, երբ խոսքը իրենց կառույցի ներքո գործած խորհրդի աշխատանքների մասին էր։ Վերջինիս կեցվածքի գնահատականը լավագույնս տվել է հանրությունը` ֆեյսբուքյան իր գրառման մեկնաբանություններում ջախջախիչ քննադատության ենթարկելով այն»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ-ն ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև մի հողակտորը հանել այդ տարածքից
- «Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
- Մորը կարմիր բերետավորներից պաշտպանելու համար երիտասարդի դեմ քրգործ են հարուցել. «Ֆիզգոռոդոկի» բնակիչ
- «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
- «Ֆիզգոռոդոկ» թաղամասից քաղաքացիներ բերման ենթարկվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան