«Ժողովուրդ». Իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են որևէ ձևով «չհանդուրժել» Աննա Մկրտչյանի ելույթները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թևը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչև օրվա ավարտ, ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով:
Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա:
Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են որևէ ձևով «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթները ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլևս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել:
Այդ պատգամավորների գլխավոր «դերակատարը» ծովագյուղցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը ԱԺ նիստերի ժամանակ, բացի կռիվ անելուց, ուրիշ որևէ բանով աչքի չի ընկել: Երեկ նույն կերպ Գրիգորյանը իրեն դրսևորեց Մկրտչյանի հետ միջադեպի ժամանակ, որի ձեռքերը անվտանգության աշխատակիցները ոլորեցին ու դուրս հանեցին ԱԺ դահլիճից: Կռվարարների շարքին են դասվում նաև Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան