Լոռու մարզում 3000 դոլարով բանակից ազատվել է ու այսօր ճղճղում է խորհրդարանում. Գեղամ Մանուկյան
«Այս կառավարության քաղաքականության արդյունքում մեր ժողովրդի հերոսական պատմության դրվագները փորձում են մոռացության տալ»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը և պատմեց Պետրոս Սեմիրճյանի պատմությունը, որը 1890-ականների վերջերին մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը:
Ըստ պատգամավորի ներկայացման, 1901թ-ին Սեմիրճյանը իր բուլղարացի զինակիցների հետ կախաղան է բարձրացվել Օսմանյան Թուրքիայի կողմից և նրա մասին երգ է գրվել, որում ասվում է. «Ահա հանգիստ հող կմտնեմ՝ հույսը դուք եք ըներներ, շարունակեք մեր սուրբ գործը, Դաշնակցության վեհ քաջեր»:
Նրա խոսքով՝ այդ երգը վերջին տարիներին երգվել է շատերի համար, նաև՝ Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Ղուլյանի, արցախցի Մերուժան Մոսեյանի։
Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ այդ երգը երգում էր Պռոշյան գյուղից դաշնակցական Արշակ Մելիքյանը, որրի որդին ծնվել է, երբ նա արդեն չկար. 18 հոգու հետ զոհվել է Լյուլասար բարձունքի ազատագրման և պաշտպանության ժամանակ, որի մասին Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ ոսկե տառերով է գրվելու պատմության մեջ, քանի որ ամբողջ հյուսիս-արևմտյան ճակատը պաշտպանվեց դրանով:
ՀՅԴ-ի առաքելության մասին կարճ ակնարկից հետո Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար և նա, ով Լոռու մարզում 3000 դոլարով բանակից ազատվել է ու այսօր ճղճղում է խորհրդարանում»:
Պատգամավորը հայտնեց՝ խոստանում է, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահի այդ մասին:
Անդրադառնալով կառավարության գործունեության 2021-26 թթ. ծրագրին՝ Մանուկյանը նկատեց, որ իշխանական քարոզչամեքենան վերջին օրերին շրջանառում է երկու թեզ, որ զինվորների ծառայության ժամկետը կրճատվելու է և սահմանին սահմանապահ զորքերն են լինելու, իսկ զինված ուժերը լինելու են իրենց տեղակայման վայրերում:
Մանուկյանը դիմեց այն քաղաքացիներին, որոնք մտածում են, ու իրենց տղան առաջնագծում շուտով դիրք չի կանգնելու և կարդաց ծրագրի այն մասը, որում ասվում է, որ այն լինելու է ապագայում:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ գործող իշխանությունները վերջին 3 տարիներին ոչինչ չեն արել և կասկածեց, որ նույնիսկ այդ խոստումը կյանքի չի կոչվելու:
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի շահարկմանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ իշխանական պատգամավորները կարող են հրավիրել Գագիկ Ջհանգիրյանին, որը գործի ողջ քննությունն է իրականացրել, կարող են հրավիրել Արամ Զավենի Սարգսյանին, որը ահաբեկչությունից հետո վարչապետ էր և ինչ ուզել արել է այդ մեկ տարում, և հրավիրել Անդրանիկ Քոչարյանին:
Գեղամ Մանուկյանն առաջարկեց լիկբեզ անել և ուսումնասիրել, թե հոկտեմբերի 27-ի հաջորդ օրը ինչու էին ցուցակ կազմել և ցանկանում էին, որ վարչապետը լինի Վահան Շիրխանյանը, գլխավոր դատախազ՝ Գագիկ Ջհանգիրյանը, ներքին գործերի նախարար՝ Մուրադ Կիրակոսյանը և համակարգող նախարար՝ Անդրանիկ Քոչարյանը և ինչպե՞ս եղավ, որ Գագիկ Մելքոնյանը 2020թ.-ին ստացավ գեներալ-մայորի կոչում: