«Ժողովուրդ». Երեխային դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է 100-150 հազար դրամ գումար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարուն. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է:
Սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու համար անհրաժեշտ են գրենական պիտույք, պայուսակ, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, իսկ այս ապրանքները շուկայում վաճառվում են տարբեր գներով, օրինակ՝ դպրոցական պայուսակը 11000 դրամից սկսած է վաճառվում, այն կարող է գերազանցել անգամ 20000 դրամը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում արեց դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում, թե սեպտեմբերի 1-ին ընդառաջ որքան գումար են նախատեսել ծախսել մեկ երեխայի համար:
Պարզվեց՝ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է 100-150 հազար դրամ գումար: Զարմանալի չէ, որովհետև մեր հանրապետությունում դպրոցական պայուսակների գները, նախորդ տարվա համեմատ, զգալի բարձրացել են. եթե նախորդ տարի մեկ դպրոցական պայուսակը հնարավոր էր գնել 5000-6000 դրամով, ապա հիմա այն 9000-11000 դրամ է և ավելի:
Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ և ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաև հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախատեսված գումարը տարեցտարի ավելանում է: Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր:
Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաև ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաև դասագրքերի գումարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան