Այս տարի դպրոց կհաճախի 37 հազար առաջին դասարանցի
2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առաջին դասարան հաճախելու հայտ է ներկայացվել շուրջ 37 հազար երեխայի համար: Նրանց մուտքը դպրոց հանդիսավորությամբ ապահովելու, միաժամանակ համավարակի կանոնները պահպանելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դպրոցներին առաջարկում է առաջին դասարանցիներին մեկ օր շուտ հրավիրել դպրոց:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ անցյալ տարի նույնպես առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը կազմակերպվել է մնացած աշակերտներից մեկ օր առաջ` դպրոցներում հավելյալ կուտակումներից զերծ մնալու նկատառումով: Փոխնախարարը նաև հորդորում է` սահմանափակել երեխաներին ուղեկցողների թիվը:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները ևս աշխատելու են` ըստ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի: Փոխնախարարի տեղեկացմամբ` այժմ հաստատման փուլում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը: Ըստ տարիքային խմբերի՝ սահմանված են խմբերում սաների ներգրավվածության առավելագույն թվերը, որոնց շրջանակում նախադպրոցական հաստատությունները կկատարեն ընդունելություն` տեղեր ունենալու պարագայում նաև հաշվի առնելով սահմանված սոցիալական առաջնահերթությունները:
Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնել է, որ դպրոցում վարակվածների թիվը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում անցում է կատարվում հեռավար ուսուցման` 14-օրյա ժամկետով:
«Այսինքն` դեռևս անցյալ տարվանից սահմանված համավարակային կանոնները հիմնականում պահպանվելու են` որոշակի փոփոխություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` փոփոխություններից հիմնականը դպրոցական բուֆետների և ճաշարանների գործունեությանն է առնչվում: Հիշեցնելով, որ դրանք անցյալ տարի չեն գործել, փոխնախարարը հույս է հայտնել, որ մարզերի տարրական դասարանների աշակերտների համար այս տարի դպրոցական սննդի ծրագրի շրջանակում հնարավորություն կլինի տաք սնունդ ապահովել: