Երևի կարոտել էի շախմատը. Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյան
«Չգիտեմ, թե ինչպես այսպես ստացվեց այս տարի, երևի կարոտել էի շախմատը, քանի որ մոտ մեկ ու կես տարի ոչ մի մրցում չէինք ունեցել»,- ասուլիսում ասաց Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Ռումինիայի Յասի քաղաքում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Էլինա Դանիելյանը ոչ մի պարտություն չի գրանցել, ունեցել է 7 հաղթանակ, 4 ոչ ոքի և 9 միավորով դարձել Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող:
«Վերջին երկու պարտիաներն ամենադժվարն էին ինձ համար: Դժվար էին ոչ թե շախմատային տեսանկյունից, այլ հոգեպես, քանի որ ինչքան մոտենում էի տիտղոսին ու զգում էի, որ կարող էի դա անել այս տարի, ավելի նյարդային էի դառնում, լարված խաղում»,- ասաց Է. Դանիելյանը:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանի խոսքով՝ Եվրոպայի առաջանությունը հավաքականի և հավաքականին մոտ կանգանած ևս երկու շախմատիստուհիների համար բավականին հաջող էր:
«Իհարկե, Հայաստանն իր պատմության մեջ երբևէ Եվրոպայի չեմպիոն չի ունեցել թե տղամարդկանց, թե կանանց շրջաում: Բնականաբար, Էլինայի հաջողությունը առաձին կետ է, որի մասին պետք է խոսել: Էլինային միշտ ասել եմ, որ իրեն խանգարում էր էմոցոնիալ խաղը, ինչը միշտ բերում է կորուստներ: Այս անգամ չեղավ էմոցոիոնալ խաղ, դրա համար պարտություն չեղավ:
Աննա Սարգսյանը խաղաց շատ լավ, Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, ինչը մեր շախմատիստների համար շատ լուրջ արդյունք է եթե ամփոփենք վերջին 30 տարիները: Սուսաննա Գաբոյանն էլ շատ լավ էր խաղում, ուղղակի նախավերջին տուրում վրիպեց»,- նշեց Զավեն Անդրիասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էլինա Դանիելյան. Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը
- Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է