Վրաստանի դատարանը կալանավորեց ԻՊ հինգ անդամների, որոնք ծրագրում էին անցնել Սիրիա
Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կալանքն է ընտրել Վրաստանի բոլոր հինգ քաղաքացիների համար, որոնք մտել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը և ծրագրում էին տեղափոխվել Սիրիա: ՏԱՍՍ-ի փոխանցմաբ, այդ մասին հինգշաբթի լրագրողներին ասել է դատախազ Գիորգի Խաչիձեն:
«Դատարանը լիովին բավարարել է մեր միջնորդությունը: Հինգի համար էլ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը»,- ասել է Խաչիձեն դատական նիստից հետո, որն անցել է փակ ձևաչափով:
Ամբաստանյալների փաստաբանները պահանջում էին 3 հազար լարի (ավելի քան 958 դոլար) գրավի դիմաց ազատ արձակվել նրանց, սակայն մեղադրող կողմը պնդում էր, որ ազատության մեջ նրանք կարող են նոր հանցագործություն կատարել, թաքնվել հետաքննությունից կամ ճնշում գործադրել վկաների վրա:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Կախեթի շրջանում ձերբակալել են հինգ անձանց, որոնք դարձել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ և ծրագրում էին տեղափոխվել Սիրիայի ահաբեկչական ճամբար: Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ամբաստանյալները հավատարմության երդում են տվել Իսլամական պետության ներկայիս առաջնորդին և ծայրահեղական տեսանյութ են բաժանել:
Նրանք ազատ թափառել են փողոցներով և ցուցադրել արգելված ահաբեկչական խորհրդանիշներ: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են նաև նրանց առաջնորդին, որն իրեն Վրաստանում ԻՊ ներկայացուցիչ և էմիր էր հռչակել:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության, ահաբեկչական կազմակերպության ստեղծման կամ ղեկավարման» հոդվածով, որը նախատեսում է 10-ից 12 տարի ժամկետով ազատազրկում: