44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3777 զոհ՝ հաստատված մահվան վկայականներով. Փաշինյան
«Այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, 75-ը՝ քաղաքացիական անձինք»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ հրապարակում է այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով:
Փաշինյանի ներկայացմամբ, 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է:
Նա պատերազմի ընթացքում զոհվածների թվին անդրադարձել էր նաև օգոստոսի 24-ին՝ նշելով 3773 թիվը: Այսօր Փաշինյանն ասաց, որ այսօրվա հրապարակած թիվը նախորդից տարբերվում է, քանի որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել:
Երեկ պատերազմի ընթացքում զոհերի թվի վերաբերյալ խոսել էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, մասնավորապես նշելով. «Մի քանի ֆորմատով հանդիպումներ ենք ունեցել ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, այլ թիվ է հնչեցվել, որն այս պահին չի կարող հրապարակել:
Ճշտումներ արեք ու դուք հրապարակեք: Նիկոլ Փաշինյանի կողմից այլ թիվ է հնչել, որտեղ մոտ 200-ի տարբերություն է եղել, այս պարագայում հստակ պարզաբանման կարիք կա»:
Արձագանքելով այս հայտարարության, այսօր Փաշինյանն ասաց. «Տեղյակ եմ, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպումներում այլ թիվ է ներկայացրել:
Գլխավոր շտաբի պետի տեղակալը եթե այլ թիվ է ասել, թող գա, գրավոր ինձ զեկուցի իր ասած թիվը և հիմնավորի:
Մենք որևէ թիվ թաքցնելու միտում չենք կարող ունենալ»:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմին մեր ունեցած զոհերի թվի հետ կապված ճշտումներ արեք ու հրապարակեք. Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 44–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ. Նիկոլ Փաշինյան
- Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, եզդի Հովոն անմահացել է
- «Մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50». Նիկոլ Փաշինյան
- 3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ