Չալաբյանը՝ ԱԺ ընդդիմությանը. Չներքաշվել այս կործանարար խաղի մեջ
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«ՀՀ Ազգային Ժողովում վերջին երկու օրվա տեղի ունեցողը վատ բեմադրած մղձավանջ է հիշեցնում։ Պոռոտախոսություն, անթաքույց դեմագոգիա, հետո հայհոյանքներ, հետո իրար վրա թռչող շշեր, հետո ծեծ ու ջարդ, ու վերջում արդեն մարտադաշտ հիշեցնող կադրեր։
Ու այս ամենը՝ սքողելու ու լղոզելու այսօրվա իշխանության, ինչպես նաև զգալի չափով նրան նախորդողի, իրական պատասխանատվությունը անցած պատերազմի աղետալի արդյունքների համար՝ մասնավորապես, մեր համար առավել անբարենպաստ պայմաններում այդ պատերազմի մեջ ներքաշվելու, այն ապաշնորհ կերպով պարտվելու, և իրական պարտությանն անհամաչափ զիջումների համար։
Ինչն ավելի վատ է գուցե՝ սքողելու նաև հետագա հնարավոր զիջումների և նույն ոճով իրականացվող ապաշնորհ գործողությունների համար պատասխանատվությունը, առավել ևս, որ դրանց մի մասը արդեն իսկ հայտագրված են Կառավարության ներկայացված ծրագրում (օրինակ, այնտեղ այլևս խոսք չկա Արցախի տարածքային ամբողջականության վերականգման, կամ նրա ինքնորոշման իրավունքի հետևողական պաշտպանության մասին)։ Եվ այս ամենը՝ սահմանային շարունակվող լարվածության, թշնամու ամենօրյա ռեժիմով սադրանքների, մեր զինված ուժերի համարյա ամենօրյա կռիվների և կորուստների ֆոնի վրա։
Գործող իշխանության այս էժանագին գործելակերպը դատապարտելով, ես կոչ եմ անում նաև ԱԺ ընդդիմությանը, մասնավորապես, «Հայաստան» դաշինքին՝ չներքաշվել այս կործանարար խաղի մեջ, չվերածվել մեր երկիրը հերթական աղետի տանող ներկայացման ակամա դերակատարների։
Այսօր, ավելի քան երբևէ, բոլորիս մեր երկրի ապագայի համար պատասխանատվության բարձր գիտակցություն է պետք, առողջ ուժերի և ռեսուրսների համախմբում՝ պաշտպանելու մեր երկիրը թշնամու ոտնձգությունների հերթական ալիքից։ Իրար հայհոյելով ու քացի տալով մենք երկիրը չենք պաշտպանի, ու կորցրածը չենք վերականգնի։ Նվիրումով, համագործակցությամբ և համբերությամբ է, որ պետք է հաջողության հասնենք, և յուրաքանչյուրս պետք է այդ ուղղությամբ քայլ կատարի, նույնիսկ երբ դիմացինն ուղիղ հակառակն է անում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան