Նորվեգայի դատարանը կքննի Բրեյվիկի վաղաժամկետ ազատման միջնորդությունը
Նորվեգիայի դատարանը կքննի աջ արմատական հայացքների ջատագով, զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկի՝ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Վերջինս դատապարտվել էր ահաբեկչության և 2011 թվականին 77 մարդ սպանելու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Verdens Gang» թերթը՝ վկայակոչելով նրա փաստաբան Էյստեն Ստուրրվիկին:
«Դատախազությունը որոշում է կայացրել, որ համաձայն չէ պայմանական վաղաժամկետ ազատման հետ, և որ նրան կալանքի տակ պահելու նախադրյալները դեռ կան: Սա նշանակում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցով դատական նիստ կանցկացվի»,-ասել է փաստաբանը:
Նա նաև հավելեց, որ դատավարությունը կարող է տեղի ունենալ արդեն 2021 թվականի վերջին:
Անդերս Բրեյվիկը պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին: Ահաբեկչի փաստաբանը ասել էր, որ իր պաշտպանյալը բանտում անցկացրել է նախատեսված 21տարուց ավելի քան ութ տարի, ինչը նշանակում է, որ նա իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատվել բանտից: