Իրանական մեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, Երևան հասնելու խնդիր ունեն. Վահան Քերոբյան
«Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք մի հարցի լուծման համար, որի համար գոյություն ունեն պրոֆեսիոնալ պատասխանատուներ»,-կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Իրանի հետ միջպետական ճանապարհի փակման խնդրին:
Նա հույս հայտնեց, որ շուտով հարցը լուծում կստանա:
Նախարարը հավաստիացրեց, որ նախարարներին ավելի շատ է մտահոգում Իրանի հետ միջպետական ճանապարհի փակման հարցը, քան հարցը բարձրացնող լրագրողին և այս դեպքում էլ, հակասելով նախորդ մտքին, հավաստիացրեց, որ կառավարության ողջ կազմն ընդգրկված է այդ հարցի լուծման մեջ:
«Իրանական մեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, Երևան հասնելու խնդիր ունեն»,-ասաց Քերոբյանը և հավաստիացրեց, որ իրանական մեքենաները շրջանցիկ ճանապարհով են գալիս Երևան, բայց միանգամից շեշտեց, որ այն հարմարեցված չէ խոշոր բեռնատարերի համար:
«Սակայն, միևնույնն է, այդ ճանապարն այսօր աշխատում է և բեռներն անցնում են»,- հայտարարեց Քերոբյանը:
Մեր կողմից հայտնենք, որ Տաթև-Աղվանի ճանապարհը անանցանելի է բեռնատարների համար և այն երբևէ չի օգտագործվել ու չի կարող օգտագործվել խոշոր բեռնատար մեքենաների երթևեկության համար:
Նախարարը հավաստիացրեց, որ այդ պահին եռակողմ ինտենսիվ բանակցություններ են գնում և նշեց, որ ներկայիս իշխանությունը նախընտրում է հարցը լուծել ոչ ուժային ճանապարհով, բայց պատրաստ է նաև անհրաժեշտության դեպքում ուժային լուծման դիմել: