Սանահինի վանական համալիրի պահպանության աշխատանքների նպատակով ԱՄՆ դեսպանությունը 192 հազար դոլար է հատկացնելու
Օգոստոսի 24-26-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու ու Տավուշի մարզերում էր։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ այցի օրակարգում կանգառներ էին այնպիսի վայրերում, որտեղ աշխատանքներ են իրականացվել ԱՄՆ աջակցության ծրագրերի շրջանակում։
Դեսպանն ուրախ էր, որ հնարավորություն ունի զրուցել տեղական իշխանությունների ներկայացուցիչների, աջակցության ծրագրերի մեր գործընկերների հետ ու մայրաքաղաքից դուրս լսել հայաստանյան համայնքներին ձայնը։
«Երևանը որպես մայրաքաղաք անչափ կարևոր նշանակություն ունի, սակայն Հայաստանը շատ ավելին է, քան մի քաղաքը։ Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր գործընկերությամբ։ Երևանից դուրս ուղևորությունը կապերը պահպանելու, նոր ծանոթություններ հաստատելու, հայկական հարուստ պատմությունն ու մշակույթն ավելի լավ ճանաչելու ու արժևորելու և Հայաստանի առաջ այսօր ծառացած մարտահրավերների վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու լավ հնարավորություն է», - ասել է դեսպան Թրեյսին։
Դեսպան Թրեյսին Լոռի գնալու ճանապարհին հանդիպում է ունեցել Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ և այցելեց Աչաջուր՝ ծանոթանալու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցող ագրոբիզնեսի ընկերություններից մեկի աշխատանքներին։
Լոռու մարզում դեսպան Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ այցելել է Սանահինի վանական համալիր, որտեղ հայտարարել է Սանահինի վանական համալիրի արևելյան հատվածում (Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարան) իրականացվող մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 192․000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին։ 2019թ․ ԱՄՆ դեսպանության կողմից արդեն իսկ հատկացվել էր 100․000 ԱՄՆ դոլար Սանահինի վանական համալիր առանձին հուշարձանների (Սբ․ Հակոբ եկեղեցի, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձան և Սբ․ Հարություն եկեղեցի) վերականգնման ու պահպանության համար։
Դսեղում դեսպան Թրեյսին այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալով մեծանուն գրողի կյանքին ու գրական գործունեությանը։
Հաջորդիվ դեսպան Թրեյսին այցելել է Ալավերդիում գործող կաթի վերամշակման կենտրոն, որն աջակցություն էր ստացել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերից մեկի շրջանակում, ապա Թումանյանում հանդիպել համայնքի սոցիալական աշխատողների ու խոցելի ընտանիքների հետ, իսկ Մարգահովիտում հետաքրքիր զրույց ունեցել երիտասարդների հետ։