Դրական ազդակներին՝ դրական ազդակով կպատասխանենք. Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանին
«Բացի, Աստված մի արասցե, արտակարգ դեպքերից, կառավարության որևիցե մի գործողություն պետք է բխի միջացառումների ծրագրից, վերջինս էլ իր հերթին՝ կառավարության ծրագրից»,-գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նկատելով, որ միջոցառումների ծրագիրը կազմելու և հաստատելու աշխատանքների համար օրենսդրությունը սահմանել է եռամսյա ժամկետ՝ Փաշինյանը հայտնեց, որ երկար ժամանակ արդեն աշխատում են դրանց վրա:
Նա կառավարության անդամներին հանձնարարեց վերանայել քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպումների տեսաերիզները և դրանց ժամանակ տրված խոստումները ներառել միջոցառումների ծրագրում:
Հավաստիացնելով, որ նախորդ ընտրություններում տված խոստումները կատարվել են՝ Փաշինյանը հայտարարեց.
«Ես խոսում եմ հաճախ ոչ մեծ մասշտաբի նախագծերի մասին՝ մի տեղ մի գյուղական նշանակության 1-2 կմ ճանապարհ է կառուցվել, մի տեղ՝ մի քանի հարյուր մետրանոց ջրագիծ, մի տեղ մի փոքր մասնաշենք, մյուս տեղում մի փոքր մանկապարտեզ, բայց այդ աշխատանքի քաղաքական էֆեկտն հսկայական էր»:
Փաշինյանը նաև հայտնեց, որ երբ ինքը ԱԺ-ում խոսում էր տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացման մասին, դրանից հետո առաջացավ իրադրություն, երբ Արդբեջանը Էյվազլի և Չայզամի գյուղերի հատվածներում փակել է Սյունիք մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը և նկատեց, որ այն հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի և կրկին շեշտեց, որ քաղաքական առումով այդ ակցիան արվել է իրենց առաջ քաշած խաղաղության օրակարգին հարված հասցնելու, այն վարկաբեկելու համար:
Նրա խոսքով, Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել, այդ պատճառով էլ պետք է հայկական ծառայությունները զգոն լինեն, իսկ ճանապարհների իրավիճակը իրենց համար կանխատեսելի է եղել, բայց դրանց բացումը լավ խորհրդանիշ կլինի տարածաշրջանի կայունության համար:
Փաշինյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը որևէ կապ չունի ադրբեջանցի զինծառայողի դանակահարության հետ, որը Ադրբեջանը հիմք է դարձրել իր գործողությունների համար:
Նա նաև հանձնարարեց մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումն ավարտել:
«Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին՝ դրական ազդակով կպատասխանենք»,- հայտնեց Փաշինյանն՝ անդրադառնալով Էրդողանի՝ հարաբերությունների բարելավման մասին արված վերջին հայտարարությանը: