Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից
Օգոստոսի 30-ին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կիրականացնի հայկական արծաթագործության ցուցադրություն:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կցուցադրվի 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր:
Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում:
Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը:
Ցուցադրության մուտքն ազատ է:
Ցուցադրությունն իրականացնում է «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: