Մարտակերտ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրգործը փոխանցվել է ՔԿ
Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե: Իրականացվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: ԱՀ դատախազությունից հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ․Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցու հեռախոսում լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնաբերել
- Մարտակերտում տուն մտած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է
- Տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մուտք է գործել Մարտակերտի տներից մեկը. Ալեն Ղուլյան