Կաբուլով․ Ռուսաստանը կապեր կհաստատի թալիբների հետ
Ռուսաստանը հարաբերություններ է հաստատում «Թալիբան» շարժման հետ (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) և անհրաժեշտ է համարում Աֆղանստանի ցանկացած կառավարության հետ նորմալ կապերի պահպանումը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Նախ, մենք արդեն հաստատում ենք [հարաբերություններ նոր կառավարության ներկայացուցիչների հետ], մեր դեսպանատունը աշխատում է Քաբուլում և բավականին ակտիվ։ Մենք պետք է նորմալ հարաբերություններ պահպանենք Աֆղանստանի ցանկացած կառավարության հետ։
Հասկանալի է, որ մենք, ինչպես և շատերը, ունենք որոշակի մտահոգություններ երկրում հետագա ռազմաքաղաքական իրավիճակի, հիմնարար նորմերի պահպանման, մարդու իրավունքների վերաբերյալ, բայց այս ամենով հանդերձ, մենք պետք է հաշվի առնենք Աֆղանստանի ժողովրդին և չփորձենք ինչ-որ բան պարտադրել՝ սկսած ժողովրդավարության, կարգուկանոնի և այլնի մասին իրենց սեփական մշակութային պատկերացումներից», - ընդգծել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Կաբուլովը նշել է՝ Ռուսաստանը միշտ ասել է, որ աֆղաններն ունեն ժողովրդավարության սեփական ընկալումը, «իրենց ավանդական ինստիտուտները, որոնք պայմանականորեն կարելի է համարել ժողովրդավարական»:
«Եվ այն, ինչ նրանց պարտադրվեց 20 տարի, այն փլուզվեց, քանդվեց մեր աչքի առաջ»,- ավելացրել է նա: