Նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու. Բագրատ Սրբազան
Օգոստոսի 29-ին Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել «Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը տավուշցի հերոս տղերքի ընտանիքի անդամների ներկայությամբ։
«Հանուն իմ կյանքի» հուշամատյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանինն է, հրատարակիչը Արմավ հրատարակչությունն է։
«Բագրատ սրբազանի խոսքերով, հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին եւ հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ և բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով»,- ֆեյսբույքն էջում գրել է պատրազմի ընթացքում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ քաղաքագետ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյան:
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում ներկայացված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքը.
«Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի նահատակ զավակներին
Սիրելիներ,
«Հանուն իմ կյանքի» այս հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին և հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ և բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով:
Այս Հուշամատյանի էջերից՝ ինչպես երկնքից, իրենց լուսավոր և պարտադրող հայացքներով նրանք նայում են մեզ՝ աչք առ աչք, հոգի առ հոգի և իրենց պատգամն ու ուղերձն են հղում իրենց երկնային բնակարաններից: Մենք այսօր իրավունք չունենք հերոսացումը ողբերգության վերածելու, վիշտը՝ կորստի, ցավը՝ ինքնասպանության:
Մենք կոչում ունենք նույնանալու նրանց հետ և արժանի դառնալու նրանց սրբացած արյանը և կյանքին՝ պատասխանատվություն կրելով նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու:
Հաղթանակի տեսիլքով եք մեկնել և մեզ Հաղթանակի կտակը թողել: Այսօր դուք Քրիստոսի Հարության հաղթանակի կրողներն եք՝ Անմահները, հաղթել եք մահվանը և գտնվում եք ապագայում, որին մենք պիտի դեռ շատ ձգտենք հասնելու համար: Դուք անցյալում չեք, դուք ապագայում եք, և երանի արժանի լինենք ձեզ:
Մեր հերոսների սիրելի ընտանիքներ՝ ի՛մ ընտանիքներ, մե՛ր ընտանիքներ, Ձեր հեղած արցունքի յուրաքանչյուր կաթիլն արյան գին ունի: Իմ խոնարհումը ձեզ և մեր հերոսներին, ովքեր իրենց ընտանիքները առաջնային չհամարեցին, այլ ձեզանից ու իրենցից վեր դասեցին մեր Հայրենիքը, Պետությունը, հավատքը, արժանապատվությունը, մեր գոյության իրավունքը և մարտնչեցին ու մարտիրոսացան՝ հայացքը դեպի ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՒ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՈՎ:
Թող այս Հուշամատյանը ՈՒԽՏԱԳԻՐ դառնա մեզ համար՝ արժանի և հավատարիմ ազգ Աստծուն, ձեր կտակին և մեր երազների իրականացման ճանապարհին:
Հավերժ խոնարհում ձեզ, մեր ՄԵԾ ԱՆՄԱՀՆԵՐ…
Խոնարհումով, սիրով և աղոթքով՝
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)
Առաջնորդ Տավուշի թեմի»:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ. Բագրատ Սրբազան
- Որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, գործողությունները՝ լրիվ հակառակ են. Բագրատ Սրբազան
- Վաղն ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու է ձեր նոր Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան