Քրեականացնելով հայհոյանքը՝ խախտվում է հանրային դեմքերի պակաս պաշտպանվածության սկզբունքը. Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը բացասական է վերաբերում այսօրվանից ուժի մեծ մտած ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածին, որով քրեականացվում է հայհոյանքը: ՔՕ-ն այս հոդվածով լրացվել է հուլիսի 30-ին, նախաձեռնության հեղինակներն էին իշխանական խմբակցության անդամները:
«Իմ վերաբերմունքը բացասական է, քանի որ այդ օրինագիծը հստակ ձևակերպումներ չէր պարունակում, թե ինչ է հասկացվում ծանր վիրավորանքի տակ, ինչպես նաև, փաստորեն, խախտում է քաղաքացիների հավասարության սկզբունքը և հանրային դեմքերի պակաս պաշտպանվածության սկզբունքը, քանի որ հանրային դեմքերը պետք է ոչ թե ավելի, ինչպես այդ նախագծով էր նախատեսվում, այլ պակաս պաշտպանված լինեն ցանկացած իրենց ուղղված անցանկալի ձևակերպումներից, գնահատականներից»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բորիս Նավասարդյանը:
Նա ընդգծեց՝ այս օրենսդրական նախաձեռնությունը բացարձակապես որևէ փորձագիտական կամ հանրային քննարկումներ չի անցել, և չի կարող իրավական ակտ համարվել:
Բորիս Նավասարդյանի համոզմամբ, այս օրենքն առաջին հերթին սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների վրա անդրադարձ կունենա, քանի որ հեղինակների մտադրությունը միանշանակ հանրային տարածքներում վիրավորանքների հնչեցման դեմ է ուղղված:
«Միակ հույսս այն է, որ դատարաններն ավելի լուրջ վերաբերմունք կունենան այս կարգավորումներին, քան օրենսդիրներն ունեցան, կփորձեն գոնե հստակեցում մտցնել, թե որ դեպքերում և ինչպիսի բառապաշարի դեպքում կարելի է մարդկանց պատասխանատվության ենթարկել»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը:
Նրա դիտարմամբ՝ նման նախաձեռնությամբ հանդես գալու իշխանական խմբակցության պատգամավորների նպատակն ակնհայտ է. «Հաշվի առնելով, որ հիմնականում քաղաքական գործիչների ու պետական պաշտոնյաների նկատմամբ է այսօր սուր քննադատությունը տարածվում, նաև վիրավորական ձևակերպումներ պարունակում, նրանք դրանով ուզում են պաշտպանվել, բայց, կարծում եմ, շատ անարդյունավետ քայլ էր, քանի որ օրենսդրական սկզբունքների, իրական պաշտպանվածություն ապահովելու առումով, այս օրենքը չի կարող իր առաջ դրված խնդիրները լուծել»:
Հիշեցնենք՝ ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հեղինակներն էին ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արփինե Դավոյանը, Գևորգ Պապոյանը, Վահագն Հովակիմյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Կորյուն Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը:
ՀՀ Քրեական օրենսդգիր. Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը
1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը`
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Հ.Գ.- Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը, ծանոթանալով հրապարակմանն, ասաց՝ «այս իշխանությունների լինելը ամեն օր հայհոյանք ու վիրավորանք է ինձ համար. ամեն օր, քանի լինելու են, տուգա՞նք են վճարելու ինձ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Հայհոյանքը քրեականացնող օրենքն ակնհայտ հակաԻրավական է, և օր առաջ պետք է չեղարկվի
- ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
- Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան