Կանխատեսում ենք Հայաստանի տնտեսության 6.5-7 % աճ, որը չի կոմպենսացնի անցած տարվա 8 % անկումը. Մանասերյան
«Ներքաղաքական զարգացումները և արտահերթ ընտրությունները ևս իրենց ազդեցությունը թողեցին մեր երկրի տնտեսության վրա»,- ասուլիսում հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը և հիմնավորեց, որ որևէ երկիր ընրտրությունների նախաշեմին չի կարող ունենալ արագընթաց զարգացող տնտեսություն:
Ստեղծված վիճակից դուրս գալու համար Մանասերյանն ակնկալում է, որ ավելի լուրջ ուշադրություն կդարձվի գիտության ֆիանսավորմանը, որը վճռական նշանակություն պետք է ունենա Հայաստանի տնտեսության համար:
Նա նաև կարևորեց ենթակառուցվածքների մեջ ներդրումները և շեշտեց, որ առանց կապիտալ ծախսերի ավելացման՝ հնարավոր չէ մոտակա ժամանակահատվածում ակնկալել կանխատեսելի աճ:
Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ այս տարի գյուղատնտեսության համար բնակլիմայական վիճակը դրական էր, որն էլ հնրավարություն է տվել լավ արտադրանք ապահովել և արտահանման տեմպերն ավելացնել:
«Զգույշ պետք է լինել աշխատատեղերի ավելացման մասին խոսելիս, քանի որ նախորդ տարի տասնյակ հազարներով, հարյուր հազարից ավելի աշխատատեղեր են կրճատվել»,- շեշտեց տնտեսագիտության դոկտորը և բացատրեց. «Դրական տենդենցները նշելիս՝ պետք է հաշվի առնենք, որ երբ խոսում ենք տնտեսական աճի մասին և եթե անգամ մենք 10 %-ից ավելի տնտեսական աճ ունենանք, մենք պետք է հանենք անցյալ տարվա անկումային գործակիցը, որպեսզի իրատես լինենք և չի կարելի ասել, որ արձանագրված թվերն ամբողջովին տնտեսական աճ են»:
Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է օգտագործել «վերականգնողական աճ» հասկացությունը և կարևոր համարեց, որ այն ուղղորդված բնույթ ունենա, ոչ թե տարերային լինի:
Մանասերյանի կարծիքով՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ այն Հայաստանի և հատկապես Արցախի Հանրապետության ապագան է:
«Արցախը պետք է ունենա ավտոնոմ ռեժիմով սնուցվող էներգետիկ համակարգեր, որոնցից մեկը արեգակնայինն է»,- հայտնեց Թաթուլ Մանասերյանը և խորհուրդ տվեց չմոռանալ, որ թշնամու թիրախում է Արցախի էներգետիկ համակարգը:
Բանախոսը նկատեց, որ Հայաստանի համար համաշխարհային կանխատեսումները դրական են և առաջին կիսամյակի ցուցանիշների հիման վրա վերանայվել են ամբողջ տարվա կանխատեսումները նաև Հանաշխարհային բանկի կողմից և տեղեկացրեց, որ ԵԱՏՄ բոլոր երկրների համար կանխատեված է 3.8-4% ՀՆԱ-ի աճ, բայց և հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանում եղել է 2.9% անկում:
«Մենք կանխատեսում ենք Հայաստանի տնտեսության 6.5-7 % աճ, որը, ցավոք սրտի, չի կոմպենսացնի անցած տարվա 8 % անկումը»,- նշեց տնտեսական գիտությունների դոկտորը և չբացառեց, որ հանրապետությունում ավելի բարձր տեմպեր էլ գրանցվի, որը բոլորն են ցանկանում:
Ըստ Մանասերյանի՝ տնտեսական աճը զսպող սպառնալիքներ էլ կան, որից մեկը գնաճն է, որի դեմ համակարգված գործողություններ են անհրաժեշտ:
«ԿԲ-ն գնաճի համար պատասխանատու չէ, այլ գների կայունացումն է ապահովում, իսկ գնաճը զսպելու համար անհրաժեշտ է համակարգված գործողություններ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՊԵԿ-ի և ԿԲ-ի միջև»,- ասաց նա և հավելեց, որ գերշահույթները նույնպես պետք է հարկվեն:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Եվրասիական փորձագիտական ակումբի մյուս անդամը՝ Արշոտ Թավադյանն էլ նշեց, որ Հայաստանում գրանցվել է 23 % արտահանման աճ, որը սակայն արտաքին գորոծնների արդյունք է, իսկ ներքին գործոնները մնում են ոչ արդյունավետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան