Դասերը կլինեն ամեն օր. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Նոր ուսումնական տարին սկսում ենք համավարակի պայմաններում, ինչը նշանակում է, որ առողջապահական կանոններին հետևելը, մասնավորապես դիմակներ կրելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը և այլն, պետք է լինեն բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշել է փոխնախարարը` նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով անցկացնելը:
Ժ. Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն` անկախ դասարաններում աշակերտների քանակից:
Փոխնախարարի խոսքով` թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ:
Առաջին դասարանցիների հանդիսությունները բացօթյա և մեկ օր շուտ
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ` տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը:
Դպրոցներում կգործեն երկարօրյաները և բուֆետները
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարանները և երկարօրյա ծառայությունները: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից` կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը:
«Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է` հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան