«62 շիրակցիների գերեվարման գործով»՝ ով էր հրահանգել հայկական կապի օպերատորներին անջատել կապը
«Հանրային քննարկման մաս է դարձել, թե ով է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդի գյուղերի հանձնման և 62 անձի գերեվարման պատասխանատուն: Իրավապահ մարմինները գտնում են, որ պարտության պատասխանատուն ամենասովորական զորամասի, ամենասովորական գումարտակի շտաբի պետն է, կոչումով փոխգնդապետ Արսեն Ղազարյանը»,- ասուլիսում ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Արսեն Ղազարյանն այն անձն է, որն, ըստ իշխանության, միակ մեղավորն է և այդ գյուղերի հանձնման ու 62 անձանց գերեվարման միակ պատասախանատուն է:
Փաստաբանի ներկայացմամբ, Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադված ՔՕ մի քանի հոդվածներով՝ հրաման չկատարել, մարտական դիրքերը թողնել, զենք գործադրելուց հրաժարվել և այլն:
«Արսեն Ղազարյանը երկարամյա փորձ ունեցող բազմամյա սպա է՝ անցած սխրագործությունների միջով, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այն եզակի անձանցից էր, որոնք 14 օր շարունակ մարտական առաջադրանք է կատարել Ջրականում»,- ասաց պաշտպանը։
Վահան Հովհաննիսյանի խոսքով, առավել քան խիստ անորոշ մեղադրանք է. «Վարույթն իրականացնող մարմինը հեռացել է մեղադրանքի որոշման առաջադրման գործող կարգից: Նկարագրված է մեղադրանքի որոշմամբ մի ամբողջ իրադարձություն՝ սկսած այն պահից, երբ Ղազարյանն իր ենթակա ստորաբաժանման հետ գտնվել է Հին Թաղերում և Խծաբերդում, մինչև նրանց՝ տակտիկական նահանջի պահը, վերջում նշված է արարքի քրեաիրավական որակումը, որից, պաշտպանական թիմին պարզ չէ, թե ինչի դեմ պետք է պայքարեն։ Ենթադրենք՝ մեղադրանք է առաջադրվում հրամանը չկատարելու դրվագով, մենք չգիտենք, այդ ներկայացվող իրադարձություններից կոնկրետ որ մասին է վերաբերում քրեաիրավական որակումը»։
Պաշտպանի խոսքով, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում տեղակայվել են ըստ վերադաս հրամանատարության կողմից տրված հրամանի, այսինքն դիրքերը, որտեղ տեղակայվել են, չի եղել Արսեն Ղազարյանի հրամանով, այլ վերևից եկած հրաման, որը կատարել է Ղազարյանը:
«Տեղաբաշխումը եղել է կապված աշխարհագրական դիրքից, հեռավորությունից, որից հետո ենթակա ստորաբաժանումների հետ կապը կտրվել է։ Արսեն Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում, շուրջ 60 անձ գտնվել է ավելի բարձր դիրքերում և կապի միջոցներն առկա չեն եղել։ Արսեն Ղազարյանին տրվել է մի քանի ռադիոկապի միջոցներ, որոնք այդտեղ իրենց հաճախականությամբ չեն գործել, իսկ իրենց մոտ առկա կապի միջոցները եղել են կարճ ալիք, որոնցով հնարավորություն չի եղել կապն ապահովել»,- ասաց պաշտպանը:
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա բուն հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։
«Այստեղ մենք ունենք շատ կարևոր հանգամանք, որին վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում. դեկտեմբերի 13-ին պատահականորեն հայկական կապի օպերատորներն անջատվում են տվյալ տարածքում։ Եթե մինչև այդ գոնե բջջային հեռախոսներով հնարավորություն եղել է կապ հաստատել ենթակա ստորաբաժանումների հետ, ապա հարձակման, գյուղերի հանձնման օրը բջջային կապ առկա չի եղել։
Արդյո՞ք Արսեն Ղազարյանն ունի այն լիազորություններ, հնարավորությունները, որպեսզի կարողանա հանձնարարել անջատել կապի օպերատորներին: Այստեղ է թաքնված շան գլուխը, այստեղ պետք է վարույթ իրականացնող մարմինը կատարի որոշակի գործողություններ՝ պարզելու, թե ինչպե՞ս պատահականորեն կապն անջատվեց ադրբեջանական զորքերի հարձակման օրը և հնարավորություն չեղավ իրականացնել պատշաճ պաշտպանություն։
Արսեն Ղազարյանի զորամիավորումը զինված է եղել միայն ինքնաձիգերով, իսկ դեկտեմբերի 13-ին շուրջ 40 անձի վրա հարձրակում է գործել ադրբեջանական էլիտար «Յաշմա»-ն մինչև ատամները զինված, ներառյալ բոլոր զինատեսակներով: Ըստ որոշ տեղեկությունների՝ 400-500 հոգի:
Արսեն Ղազարյանը տևական ժամանակ պաշտպանվել է մինչև վերջին փամփուշտը, որից հետո դիմել են տակտիկական նահանջի, նահանջել են ավելի բարենպաստ դիրքեր, որի համար էլ հիմա նրան մեղադրանք է առաջադրված»,- մանրամասնեց պաշտպանը:
Նրա խոսքով, ըստ վարույթն իրականացնող մարմնի տրամաբանության, զենքն ավարտվելու պայմաններում Արսեն Ղազարյանը պետք է շարունակեր մնար մարտական դիրքում, բոլորը զոհվեին, որի պարագայում կդառնար ազգային հերոս, կամ եթե չզհովեր, առավել ծանր մեղադրանք առաջադրվեր, թե ինչու ժամանակին չի դիմել տակտիկական նահանջի:
Ասուլիսին ներկա փոխգնդապետ Արսեն Ղազարյանն ասաց, որ մեղադրանքների հետ համաձայն չէ, դրանք նույնիսկ ծիծաղելի է:
«Այն անձնակազմը, այն զինծառայողները, այն պահեստազորայիններից կազմված ստորաբաժանումը, որը պատերազմի ընթացքում ինձ հետ միասին քայլել է մարտադաշտով, կատարել վերադասի կողմից տրված խնդիրներն անվերապահորեն, բոլորն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես այն սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- նշեց Ղազարյանը։
Նա պատմեց, որ դեկտեմբերի 9-ից սկսած Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում հակառակորդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ է կատարել, որի վերաբերյալ վերադաս հրամանատարությանը բջջային կապով տեղեկացրել է. «Դեկտեմբերի 11-ին տեղեկություն ենք ստացել, որ մեր ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունենք վիրավորներ: Փորձել ենք անձնակազմին մի կերպ տարածքից տարհանել, վիրավորներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն շատ ուշացումով, քանի որ տեղանքը բարձր էր, անանցանելի, հնարավորություն չի եղել ավտոմեքենայով բարձրանալ, բարձրացել ենք ոտքով, իսկ դեկտեմբերի 11-ի հարձակումից հետո ձախ թևի անձնակազմը տվյալ տարածք ժամանակ ռուս խաղաղապահների և կոնկրետ մեր ստորաբաժանման՝ վերադաս հրամանատարության անձնակազմը անձնակազմը տարհանվել է: Դրանից հետո տվյալ անձնակազմով ուժեղացրել ենք մեր մյուս մարտական դիրքը, որն իր աշխարհագրական դիրքով հանդիսացել է մատակարարման կետ»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն գտնում է, որ Խծաբերդում հայ զինծառայողների սպանության դեպքերով ՊՆ երկու սպաները պետք է կանգնեն դատարանի առաջ
- Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ
- Քննչական կոմիտեն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մարտական դիրքերում հերթապահող 9 զինծառայողի սպանության մասին
- Ո՞նց եղավ, որ 44 հայ գերիների վերադարձից հետո Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը կորան ռուսական քարտեզից. Պողոսյան
- Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան