Արմեն Չարչյանն ընկճված չէր, բայց անհանգստություն ուներ՝ «մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ»
ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է, որ երեկ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելել են կալանքի տակ գտնվող պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին:
«Նա, սակայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում չէր: Բժշկի ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոն:
Հիվանդանոցում՝ բժշկի սենյակի մոտ, հսկողություն էին իրականացնում համազգեստով 3 երիտասարդներ, մյուսն էլ ներսում էր:
Բայց բժիշկն ընկճված չէր, միայն երկու թեմայով խիստ անհանգստություն հայտնեց.
նախ մտահոգված էր մեր երկրի այսօրվա իրավիճակով, սպառնալիքներով ու մարտահրավերներով, և անհանգստություն ուներ իր հիվանդների համար. «...մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ...»,- անկեղծացավ բժիշկը:
Եվ սա ասում էր մարդ, ում սուր նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են հիվանդանոց, և 5 օր է՝ բժիշկները չեն կարողանում կայունացնել վիճակը:
Լիահույս եմ, որ պրոֆեսորը շատ շուտ կկարողանա ապաքինվել և չնայած իր համար ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտներին՝ հասնել իր հիվանդներին»,- գրել է Թագուհի Թովմասյանը: