ՄԻԵԴ վճռով Հայաստանը 9000 եվրո կվճարի դեսպան Ալեքսանդր Արզումանյանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը, որով արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում (Հավաքների ու միավորման ազատություն):
ՄԻԵԴ որոշմամբ պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում վճարել 9000 եվրո` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի համար։ 2600 եվրո վճարվելու է դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվին Միացյալ Թագավորությունում։
Նշենք, որ դիմումատուն՝ Ալեքսանդր Արզումանյանը ներկայումս Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է։
Գործը, ինչպես ասվում է ՄԻԵԴ վճռում, վերաբերում է դիմումատուի դատապարտմանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար։
Ալեքսանդր Արզումանյանը 2009-ի հունիսի 22-ին Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», միևնույն ժամանակ համաներում կիրառելով ու ազատ արձակելով դիմողին։