Դուբայում անցկացվում է InClassica 10-րդ միջազգային փառատոնը
Դուբայում մեկնարկել է InClassica դասական երաժշտության X միջազգային փառատոնը։ InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Դուբայում հոբելյանական փառատոնն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։
«Փառատոնին մասնակցում են համաշխարհային դասական երաժշտության ամենավառ աստղերը։ Առաջիկա չորս շաբաթների ընթացքում Դուբայը գրավիչ վայր կդառնա երաժշտական համայնքի համար։ Այստեղ տեղի կունենան հրաշալի համերգներ եւ երաժշտական այլ միջոցառումներ»,- ասել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։
Փառատոնը բացվեց օգոստոսի 28-ին կանադացի կոմպոզիտոր և դաշնակահար Մարկ-Անդրե Համելինի մենահամերգով։ Վերջինս հայտնի է որպես վիրտուոզ կատարող՝ նուրբ ճաշակով եւ փայլուն կատարողական տեխնիկայով։
«Շատ հաճելի էր նվագել Դուբայի երաժշտասեր հանրության համար, որը գուցե այնքան էլ սովոր չէ նման համերգների, ինչպես այլ երկրներում։ Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել նվագել նոր լսարանի համար։ Համերգային ծրագիրը բավականին կամերային էր Դուբայի օպերայի մեծ դահլիճի համար, բայց ես զգում էի, որ այն, ինչ ներկայացնում էի, ունկնդիրներին դուր էր գալիս»,- համերգից հետո խոստովանել է Մարկ-Անդրե Համելինը։
Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր և 12 անվանի դիրիժորներ։ Փառատոնային համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։
«InClassica-ի պատմությունը սկսվում է 10 տարի առաջ Մալթայում՝ մի փոքրիկ փառատոնից եւ վարպետության դասերից։ Իսկ ահա այժմ մենք անցկացնում ենք համաշխարհային մասշտաբի միջոցառում»,- փառատոնի բացման ասուլիսին լրագրողներին ասել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Ալան Կիրկոպը։
InClassica-ում ելույթներ կունենան Դենիս Մացուեւը, Ալեքսանդր Կնյազեւը, Միխայիլ Պլետնյովը, Աննա Տիֆուն, Անդրեյ Գուգնինը, Դենիս Կոժուխինը, Կիտ Արմսթրոնգը, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը եւ այլք։
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել InClassica փառատոնին, մենք այս իրադարձությանը երկար ամիսներ ենք սպասել։ Ուրախ եմ, որ այդ դժվար ժամանակներում մենք կարող ենք ելույթ ունենալ եւ ներկայացնել մեր արվեստը, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին»,- նշել է ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովը։
Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաև մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։
«Ոչինչ չի կարող հավասարվել այն զգացողության հետ, երբ տեսնում ես, որ հայտնի երաժիշտները, որոնցով միշտ հիացել եմ, կատարում են քո ստեղծագործությունները։ Ամեն անգամ, երբ նվագում են իմ մեղեդիները, կարծես առաջին անգամ եմ լսում, քանի որ յուրաքանչյուր ելույթ միանգամայն բացառիկ է։ Ես երախտապարտ եմ բոլոր մասնակիցներին համագործակցության համար։ Դուբայը ներշնչանքի մեծ աղբյուր է, եւ հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ իմ տպավորություններն այս քաղաքից արտացոլվեն իմ արվեստում»,- ասել է Ալեքսեյ Շորը։
Փառատոնի շրջանակներում համերգները տեղի կունենան ամեն օր և ոչ միայն երեկոյան ժամերին։ Ցերեկային ժամերին երաժշտասերները կարող են ունկնդրել դասական երաժշտության մերձավորարեւելյան ակադեմիայի մասնակիցների ելույթները, որոնք տեղի են ունենում սիմֆոնիկ նվագախմբերի եւ հայտնի արտիստների հետ։ Բացի այդ, փառատոնի շրջանակներում անցկացվում է Classic Piano մրցույթի եզրափակիչ փուլը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ առաջին սիմֆոնիկ նվագախումբը, որ ելույթ կունենա InClassica փառատոնի ընթացքում, Ռուսաստանի ազգային նվագախումբն է։ Այսօր՝ օգոստոսի 31-ին, նվագախմբի հետ Դուբայի օպերայի դահլիճում կնվագի դաշնակահար Բենզոդ Աբդուռայինովը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Գերգեյ Մադարաշը։
Հարակից հրապարակումներ`
- Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
- Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
- Կոնստանտին Իշխանով. Այս տարվա «InClassica»-ն՝ համաշխարհային մակարդակի միջոցառում