Արցախում է վճռվում մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան. Վանեցյան
«Աղետաբեր պատերազմից և մեծաթիվ կորուստներից հետո մեր երկու պետականությունների առջև ծառացած բազում մարտահրավերների առկայության պայմաններում այս օրը հատուկ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը մեր միասնությունն է՝ Արցախի հետ միասնական լինելը»,-Արցախի խորհրդարանում՝ Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ նիստում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, մեզ անհրաժեշտ է լինելու հայկական աշխարհի միասնականությունը, քանի որ Արցախն է այն հիմնական առանցքներից մեկը, եթե կուզեք՝ այն ամուր շաղախը, որն անքակտելիորեն ամրացնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, և հենց Արցախում է, որ վճռվել, վճռվում և վճռվելու է մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան։
«Արցախի հետ ենք, մեր ուժերի ներածի չափով որևէ ջանք ու եռանդ չեն խնայելու ներհայկական և միջազգային անխտիր բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը, որոնք ի վերջո պետք է պսակվեն արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորմամբ, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմամբ, Արցախից բռնազավթած տարածքների դեօկուպացիայով և դրանցից բխող բոլոր գործընթացներով»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա կրկին անդրադարձավ միասնությանը, Արցախի հետ լինելուն, որովհետև, ըստ նրա, ազգի պառակտմամբ, պետականության հանդեպ անփույթ վերաբերմունքով, Արցախի խնդիրները միտումնավոր, թե ապաշնորհությամբ լուսանցք մղելով, ի վերջո, կարող է հասնել մի աղետալի հանգրվանի, երբ վտանգված կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության գոյության փաստն ինքնին։
«Հենց համազգային միասնությունը և համախմբումն է, որ կարող է դուրս բերել մեզ ներկա ճգնաժամային իրավիճակից և, ի վերջո, դուռ բացել ոչ թե դեպի ինչ-որ մշուշոտ, այլ՝ մեր ժողովրդի հազարամյա ազգային իղձերի և երազանքների իրականացումն ապահովող անվտանգ ապագա»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Նա վստահ է, որ Արցախն ազգային միասնության պայմաններում անպայմանորեն վերագտնելու է իրեն, վերառուցվելու ու հզորանալու է։
«Վստահեցնում եմ՝ մշտապես կանգնած ենք լինելու արցախցիների թիկունքին՝ ամեն ինչով աջակցելու և օժանդակելու ենք ձեզ, ամեն կերպ սատարելու ենք Արցախի հարցի լուծմանը, Արցախի ինքնորոշման և անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը։ Դրան այլընտրանք չի կարող լինել, քանզի նաև վերջին պատերազմի դառը փորձ ցույց տվեց, թե որքան սերտորեն և անքակտելիորեն են միմյանց փոխկապակցված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ճակատագրերն անխտիր բոլոր ուղղություններով», - ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորները Վահե Հակոբյանի գլխավորությամբ Արցախում են
- Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին. Արմեն Ռուստամյան
- Արցախն իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց ՀՀ իշխանության ղեկավարության մասնակցության. «Արդարություն» խմբակցություն
- Ընդդիմադիր պատգամավորները մեկնում են Արցախի Հանրապետություն