Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովին․ Հարգել միջազգային սահմաններն ու Կովկասյան տարածաշրջանում վեճերը լուծել քաղաքական ճանապարհով
ԻԻՀ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Կովկասյան տարածաշրջանում առկա տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդգծել է բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և Իրանին կոչ է արել ավելի մեծ մասնակցություն ունենալ ազատագրված տարածքների վերակառուցմանը, ինչպես նաև համագործակցել տարանցման ոլորտում:
Հեռախոսազրույցում Ամիր Աբդուլլահյանը հայտնել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու և Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցման ծրագրերին մասնակցելու Իրանի պատրաստակամությունը:
Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել Կովկասյան տարածաշրջանում առկա վեճերը լուծել քաղաքական և խաղաղ ճանապարհով:
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն միմյանց հրավիրել են հնարավորինս շուտ այցելել երկու երկրների մայրաքաղաքներ և հույս հայտնել, որ դեմ առ դեմ հանդիպումը հնարավորինս շուտ կկայանա: