Սա մեկ օրվա աշխատանք չէ. Լավրովը՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ
«Հայաստանը մեր դաշնակիցն է: Երեկ մեզ մոտ էր արտաքին գործերի նոր նախարարը և մենք լավ բանակցություններ անցկացրեցինք: Երկկողմ առումով մենք ունենք շատ հարուստ օրակարգ. Փոխադարձ այցեր, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում: Այս ամենն ընթանում է շատ ինտենսիվ և վստահ», - այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (МГИМО) ելույթի ժամանակ:
Լավրովը միաժամանակ նշել է Մոսկվայի վճռական դերն անցած տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման գործում:
Լավրովի խոսքերով, կան պայմանագրեր, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից. նոյեմբերի 9-ին՝ այս տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման, հունվարի 11-ին՝ համագործակցության զարգացման վերաբերյալ։
«Այս համաձայնագրերը կոնկրետացնում են առաջնորդների առաջարկները՝ բոլոր տրանսպորտային հաղորդակցություններն ու տնտեսական կապերն ապաշրջափակելու վերաբերյալ: Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն շարունակվում է, դրանով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, մեր զինվորականները, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը: Տեղում ամեն օր նրանք գործում են լարվածությունը նվազեցնելու և վստահություն ստեղծելու համար: Դե, և այլ ձևերով: Սահմանապահները օգնում են մեր հայ դաշնակիցներին լուծել խնդիրները ադրբեջանցի հարևանների հետ», - ասել է Լավրովը: