Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի հուշահամալիրը
Օգոստոսի 18-ին www.war.karabakhrecords.info կայքէջը տարածել է արբանյակային լուսանկարներ, որոնցում հստակ երևում է, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձանները։ Այս մասին գրում է monumentwatch.org կայքը՝ նշելով, որ դեռևս 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիս ամսին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության տարածած տեսանյութից երևում է, որ հուշահամալիրի տարածքում բացակայում է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, սակայն հուշահամալիրը ամբողջությամբ ավերված չէ:
Իսկ արդեն 2021թ. հուլիս ամսվան թվագրվող արբանյակային լուսանկարներից երևում է, որ հուշահամալիրի տարածքը գրեթե ամբողջովին ավերված է, քանդված են հուշահամալիրի պատերը, աստիճանները, ոչնչացված է Արցախյան առաջին պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը, բացակայում է Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը և Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանը:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագրի արձագանքը Հադրութի Ազոխ գյուղի հուշահամալիրի ոչնչացման կապակցությամբ.
«Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։
Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի արձանը
- Թուխնակալ ապարանքը վտանգված է
- Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու մասին. monumentwatch.org
- Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները
- Ադրբեջանցիներն ավերել են Արցախի գինու գործարաններից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները