Ադրբեջանական ակցիա է, թե՞ գետերի սակավաջրություն Ստեփանակերտում ջուր չլինելու պատճառը
Ավելի քան մեկ շաբաթ է Ստեփանակերտում խմելու ջուրը, ավելի ճիշտ դրա պակասը օրախնդիր է։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ՝ խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։
Բացի պաշտոնականից, կան նաև այլ դիտարկումներ։ Մասնավորապես Panorama.am-ի հետ զրույցում, ԵՊՀ էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հիդրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Համբարյանը նախ նշեց, որ չկա Արցախի ջրային ռեսուրսների մասով ստույգ գնահատման մասին տեղեկատվություն։ Պատերազմից հետո ոչ մի ճշգրտում չի եղել։ Այնուհետև շարունակեց․ «Ընդհանուր առմամբ այն ինչը հայտնի է, վերլուծելով, կարող ենք ասել, որ սա ադրբեջանցիների կողմից որոշակի ակցիա է»։
Նրա խոսքով, ջրի հիմնական պաշարները մնացել են թշնամուն և խնդրի լուծման ուղղությամբ դիվանագիտական որևէ քայլ չենք տեսել։
«Արցախում ունեցել ենք 25 ջրամբար, որոնցից 22-ը կամ 23-ը թողել ենք թշնամուն։ Դրանք հիմնականում ոռոգման, խմելու ջուր ամբարելու համար էին։ Եթե այսքանը թողել ենք թշնամուն, նշանակում է, որ դա «զենք» է, որը նա կարող է օգտագործել։ Ջուրն առաջնային պաշարներից է մարդու կյանքն ապահովելու համար և դա էլ օգտագործվում է որպես զենք։ Դա հանցագործություն է՝ ուղղված մարդկանց դեմ, որովհետև խմելու ջրի հասանելությունը մարդու իրավունքի առաջնային դրույթներից է»,- ավելացրեց մասնագետը։
Համբարյանի փոխանցմամբ՝ ժամանակին ջրային ոլորտի մասնագետները արձանագրում էին, որ Ադրբեջանը խմելու ջրի լուրջ խնդիր ունի, ինչը հնարավոր էր օգտագործել՝ գրագետ քաղաքականություն վարելու դեպքում։
«Մասնագետների հետ ծրագիր կարելի էր մշակել, որը մեր ձեռքին կլիներ ՝ որպես «զսպող» միջոց»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է այժմ, հնարավոր քայլերին, որոնք կարող են փրկօղակ լինել ստեփանակերտցիների համար, ապա Լուսինե Համբարյանն ասաց, որ ստեղծված իարվիճակում պետք է միասին աշխատեն ինստիտուտները, ջրի ոլորտի մասնագետները, ԱԳՆ-ն և այլ փորձագետներ, ինչը թույլ կտա կառավարական մակարդակով կարգավորել նմանօրինակ «դիվերսիաները»։
Այսուհանդերձ, Ստեփանակերտում ապրողը, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի մեղքը չի տեսնում։ Ստեփանակերտի քաղաքի բնկիչ, նախկինում՝ Արցախի խորհրդարանական պատգամավոր Աշոտ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղացիների համար նորություն չէ ջուր չլինելու խնդիրը։
«Այն գետերը, որոնք ապահովում են Ստեփանակերտի ջրամատակարարումը, հիմնականում երեք են՝ Տրակետ, Մեղրագետ և Կարկառ, երեքն էլ մեր տարածքում են։ Գետերից մեկը՝ Տրակետ ենք ասում , գրեթե ցամաքած է, իսկ մյուսներն էլ՝ սակավաջուր են, հիմնականում անձրևի և ձնհալի ժամանակ են վարարում։ Իսկ արտեզյան ջրհորները սովետական միության ժամանակներից են։ Հիմա էլ փորձում են ինչ-որ չափով աշխատեցնել»,- ասաց Սարգսյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ Ստեփանակերտը ջրի խնդիր միշտ ունեցել է, պատերազմից առաջ էլ։
«Ստեփանակերտում թաղամասեր են եղել, որ ընդհանրապես ջուր չի եղել։ Հիշում եմ ՝ 1982 թվականին երաշտ եղավ, ջուր չկար, գնում էինք ջրամբարներից էինք բերում։ Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Ստեփանակերտիցները սովոր են»,- նշեց արցախցին՝ ավելացնելով, որ հիմանական խնդիրը գետերի սակավաջրությունն է։
Նախկին պատգամավորը նաև հայտնեց, որ խնդրի լուծման համար նախկինում առաջարկ ներկայացրել են, սակայն այն չի ընդունվել։
«Քանդակագործ տղաներից մեկի կողմից է եղել առաջարկը։ Ստեփանակերտի վերևում մեծ քանակությամբ գյուղեր կան, որտեղ կան ջրային աղբյուրներ։ Առաջարկեցինք այդ աղբյուրների ջրերը բերենք Ստեփանակերտ և ամեն թաղամասում մի աղբյուր կառուցենք, Ստեփանակերտն էլ կդառնա «աղբյուրների քաղաք»։ Քանդակագործը՝ Ռոբերտ Ասկարյանը, որն արել էր առաջարկը, պայմանավորվել էր 11 երկրների քանդակագործների հետ։ Ինչո՞վ վատ կլիներ, եթե մի թաղամասում լիներ նորվեգական աղբյուր, մյուսում՝ այլ։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էի, առաջարկին այդքան ուշադրություն չդարձրեցին»,- պատմեց Սարգսյանը։
Արցախի բնակչի խոսքով՝ հիմա Ստեփանակերտի քաղաքապետարանը սկսել է զբաղվել այդ հարցով, ասում է՝ գնում են վերևի գյուղերն են ուսումնասիրում։
«Այս պահին միայն Ստեփանակերտում է խմելու ջրի խնդիրը»,- ասաց Ստեփանակերտի բնակիչն ու եզրափակեց․«Պատերազմից հետո շատ բան չի փոխվել, պարզապես ժողովուրդը մի քիչ ուշ է հարմարվում։ Մենք ոչ հաղթությանն ենք դիմանում, ոչ էլ՝ պարտությանը։ Սթրեսային վիճակում է ժողովուրդը, ցավոք, երկար է տևում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում բնակիչներին խմելու ջուր հասցնում են հրշեջ մեքենաներով
- Ստեղծվել է աշխատանքային խումբ Ստեփանակերտում ջրի խնդրի մասով
- Ջրի պակասի պատճառով Ստեփանակերտում փակվել են բոլոր ավտոլվացման կետերը
- Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախում խմելու ջրի հիմնախնդրի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները