Կալանքի տակ գտնվող Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի առաջնային մտահոգությունը մեր Սյունիքն է. Թովմասյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է, որ նախօրեին ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելել են կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին:
«Պետք է ընդգծեմ, որ երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետևում էին ներքաղաքական զարգացումներին և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:
Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր գործընկերոջ միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին, որոնց տարբեր դրսևորումներին ականատես ենք լինում:
Մխիթար Զաքարյանը ևս հետաքրքրված էր ու մտահոգ Սյունիքի անվտանգության թեմաներով, մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում էր՝ Սյունիքի մասով ինչ նորություն կա, ինչ ապագա է սպասվում: Վստահեցրեց, որ այսօր բոլորի, բոլոր հայերի համար դա պետք է լինի մտահոգիչ, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են։
Իսկ երբ հետաքրքրվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում նրա ստացած վնասվածքներից, Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից:
Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, և ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, և որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է: Այս հարցում հետևողական եմ լինելու:
Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային և գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ»,- գրել է Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Զաքարյանի գործն ուղարկվել է դատախազին
- Մխիթար Զաքարյանի պաշտպանը հրապարակել է դատավորի հերթական «գլուխգործոցը»
- Առանց ԱԺ-ի համաձայնության Մխիթար Զաքարյանին հետագա կալանքի տակ պահելն անօրինական է․Երեմ Սարգսյան
- Սիսիանի քաղաքապետը կալանավորվեց
- Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
- Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է