Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում. «Հետք»
Օգոստոսի 27-ի դրությամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում՝ Անհետ կորածների միջազգային հանձնաժողովին ենթակա փորձագիտական կենտրոնում։
Այդ մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահական գերատեսչությունը ավելի վաղ հայտարարել էր, որ իր ենթակայության տակ գտնվող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ն և Քննչական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի հետ, որի գրասենյակը գտնվում է Նիդերլանդներում։ Վերջինս պետք է օժանդակեր 44-օրյա պատերազմի զոհերի դիակներից և մասունքներից վերցված փորձանմուշների նույնականացմանը։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ դիակներից և մասունքներից վերցված է, ընդհանուր առմամբ, 139 փորձանմուշ, որոնք գտնվում են ԴՆԹ փորձաքննության փուլում։ Համեմատության համար նշենք, որ հուլիսի 26-ի դրությամբ՝ վերցված փորձանմուշների թիվը եղել է 163։
Դեռ օգոստոսի սկզբին մեր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը նշել էր մինչ օրս դիակների և մասունքների չնույնականացման պատճառները։ Դրանցից առաջինն այն է, որ ոսկորներն ի սկզբանե պիտանի չեն լինում ԴՆԹ անջատման համար: Դրանք այրված են լինում կամ հնարավոր չի լինում ԴՆԹ անջատել՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների, անձրևների ու ձյան տակ երկար մնալու հետևանքով։ Որոշ դեպքերում էլ զոհված զինծառայողների դիակներից և մասունքների ոսկրային հյուսվածքներից անջատված ոչ լիարժեք ԴՆԹ բնութագրերն արյունակցական կապի միջոցով նույնականացման համար պիտանի չեն, քանի որ արյունակցական կապի միջոցով ճշգրիտ նույնականացման համար անհրաժեշտ է ստանալ լիարժեք գենետիկական բնութագիր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր 44-օրյա պատերազմի զոհերի և անհետ կորածների թիվը՝ 3773 զոհ և 243 անհետ կորած։ Իսկ հունիսի 17-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր 3705 զոհի և 268 անհետ կորածի մասին»,- գրում է «Հետքը»։
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3777 զոհ՝ հաստատված մահվան վկայականներով. Փաշինյան
- Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զիվորների մարմիններ. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում