«Խփեք դրան, խփեք...». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը
«Խփեք դրան, խփեք...». 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանյութ տարածվեց ռազմի դաշտից ու շատերի ուշադրությունը գրավեց տեսանյութում լսվող «Խփեք դրան, խփեք...» բղավող զինվորականը:
Հետո արդեն պարզվեց՝ բղավողը Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանն է:
Պատերազմի ձայնը…
Արթուրը Գառնի համայնքից էր՝ Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ: Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը:
«Արթուրը մեր դպրոցի շրջանավարտն է եղել: Համայնքի ավագանու որոշմամբ մեզ ներկայացվել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ մարզպետարան դիմելու և դպրոցը Արթուր Հակոբյանի անունով կոչելու համար:
Դպրոցի ծնողական, մանկավարժական խորհուրդները, դպրոցի կառավարման խորհուրդը քննարկել են հարցը, համաձայնություն են տվել ու դիմել ենք մարզպետարան»,- Panorama.am-ին ասաց դպրոցի տնօրեն Աննա Մարգարյանը:
Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել դպրոցի անվանակոչության արարողությունը:
Արթուր Հակոբյանը դպրոցն ավարտել է 2000 թվականին:
«Արթուրին ուսուցիչները հիշում են՝ լուրջ, դաստիարակված, հավասարակշռված, ընկերասեր, լավ սովորող, շնորհքով, հարգալից, լավ ընտանիքի երեխա: Իր ընկերներից մեկը մոտեցել է ինձ ու ասում է՝ կլինի մեր դասարանը, որտեղ սովորել էինք Արթուրի հետ, կոսմետիկ նորոգում անենք: Դասավանդող ուսուցիչները կսկիծով են հիշում Արթուրին, շատ են ափսոսում:
Հիմա տղան մեզ մոտ է սովորում, 2-րդ դասարան է»,- պատմեց տիկին Մարգարյանը:
Արթուրը 2006 թվականին ավարտել է ՌԴ Ռյազանի օդադեսանտային ռազմական ինստիտուտը և վերադառնալով հայրենիք՝ նշանակվել Արցախի ՊԲ հակահետախուզական ջոկատի, ապա վաշտի հրամանատար:
2013 թվականին ստացել է մայորի, իսկ 2016 թվականին՝ փոխգնդապետի կոչում:
Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը 2020թ. հոկտեմբերի 5-ից անհայտ կորած էր համարվում: Նրա մարմինը հողին է հանձնվել զոհվելուց մոտ 7 ամիս հետո։
Արթուր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին