Իռլանդիան WhatsApp-ին տուգանել է 225 միլիոն եվրոյով
Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը (DPC) WhatsApp-ին տուգանել է 225 միլիոն եվրոյով՝ տվյալների մշակման թափանցիկության խնդիրների պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է կարգավորիչ ընկերությունը:
«Տվյալների պաշտպանության հանձնաժողովը (DPC) այսօր հայտարարել է «WhatsApp Ireland Ltd.»-ի դեմ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) համաձայն հետաքննություն անցկացնելու որոշման մասին: DPC-ի հետաքննությունը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին և նպատակ ուներ պարզելու՝ արդյոք WhatsApp-ը կատարում է թափանցիկության իր պարտավորությունը GDPR-ի համաձայն: DPC-ն WhatsApp-ին տուգանել է 225 միլիոն եվրոյով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հետաքննությունը վերաբերում էր տվյալների տրամադրմանը և տեղեկատվության մշակման թափանցիկությանը WhatsApp-ի, Facebook-ի և այլ ընկերությունների միջև:
Ինչպես կարգավորիչն է հայտնել, 2021 թվականի հուլիսի 28 -ին Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը (EDPB) ընդունել է որոշում, որը պարունակում է հանձնարարականներ մի շարք գործոնների հիման վրա տուգանքը վերագնահատելու և բարձրացնելու DPC-ի որոշման վերաբերյալ: «Բացի տուգանքից, իռլանդական կարգավորիչը WhatsApp-ից պահանջել է ճշգրտումներ կատարել, որպեսզի տվյալների մշակման գործընթացը համապատասխանի GDPR-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: