Կապառոսը վստահ է՝ Հենրիխ Մխիթարյանի խաղը կօգնի ազգային հավաքականին
Սեպտեմբերի 1-ին՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։
«Կարող եմ ասել, որ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել էր դեռ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում, որտեղ մեր հավաքականը հաղթեց։ Դա փոխանցվեց արդեն որակավորման առաջին երեք խաղերին։ Թիմային խաղի որակը մեզ մոտ շատ է բարձրացել, և կարծում եմ, որ այն գնալով էլ ավելի կբարելավվի։
Եղան առանցքային ֆուտբոլիստներ, որոնք թիմին տարան իրենց հետևից և արդյունք ապահովեցին, ինչը շատ գովելի է։ Հուսամ, որ մյուս խաղերին նույնպես դա կրկնվի։ Մի քանի անգամ նշել եմ, որ թիմում ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պիտի առաջատարի որակներ ունենա, այլ ամբողջ թիմը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի։
Ցավոք, վաղվա խաղում մեր թիմից երեք առանցքային ֆուտբոլիստներ որակազրկման պատճառով հանդես չեն գա, սակայն վստահ եմ, որ նրանց փոխարինողները պատվով հանդես կգան և կօգնեն հավաքականին»,- ասել է Հ. Մխիթարյանը։
Խ. Կապառոսն ասել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մասին շատ մեծ կարծիք ունի. «Այդ թիմը ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել մեծ մրցաշարերի։ Այո, դաշտի տեր թիմը ունի նոր գլխավոր մարզիչ և երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ վաղվա խաղին մասնակցող ֆուտբոլիստների մեծ մասը ամռանը խաղում էին նաև ԵՎՐՈ-ում։ Ազգային հավաքականների կյանքն այսպիսին է»։
Նա նշել է, որ ազգային հավաքականը թիմային խաղ է դավանում. «Մխիթարյանը, իհարկե, շատ մեծ, տաղանդով ֆուտբոլիստ է, և նա գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի մեր թիմին։ Վստահ եմ, որ նրա խաղը կօգնի մեր թիմին»։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Սկոպյեում
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սկոպյե
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա
- Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները