68 հազար դրամ աջակցության գումար այլևս չենք ստանում․ Քաշաթաղցի
Կառավարության դիմաց այսօր հավաքվել են Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչները: Նրանց հիմնական պահանջն է՝ բնակարանների փոխհատուցում:
Քաշաթաղի շրջանային թերթի խմբագիր Զոհրապ Ըռխոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շրջանն ունցել է 10 հազար բնակիչ, պատերազմի ընթացքում ունեցել է 70 զոհ, 80 հոգի վիրավորվել է, բնակիչներից շատերն էլ հիմա տուն չունեն բնակվելու համար:
«Այսօր Աբովյան քաղաքում մոտ 20 տեղահանված ընտանիք կա, այնպիսի պայմաններում են ապրում, որ հնարավոր չէ: Այդ մարդկանց ժամանակ են տվել, որ դուրս գան:
Փոխհատուցում լինի, այդ մարդիկ մարզերում, գյուղերում բնակարան գնեն ու ապրեն»,-ասաց նա:
Զոհրապ Ըռխոյանը հայտնեց նաև, որ 10 հազարից մոտ 40 ընտանիք տեղափոխվել է Արցախի տարբեր գյուղեր ու հիմա այնտեղ են բնակվում:
Քաշաթաղի շրջանի Միջնավան բնակավայրից տեղահանված բնակչուհին ասաց, որ 68 հազար դրամ աջակցության գումար այլևս չեն ստանում, պետության կողմից նախատեսված աջակցության ծրագիրը դադարեցրել են, 30 հազար դրամ տրվող հյուրընկալության գումարը նույնպես վերացվել է:
«Իմ թոռները երեկ դպրոց չեն հաճախել, քանի որ չունեն հագուստ, իսկ ղեկավարությունը չի մտածում մեր, մեր երեխաների մասին: Վարձով ենք ապրում: Չգիտենք՝ ինչպես ապրենք: Մեր ղեկավարությունն ի՞նչ է մտածում, մարդն ի՞նչ անի, որ իր երեխան ուսում ստանա, հաց ուտի, շոր հագնի: Չգիտենք՝ ում դիմենք:
Մենք մի կերպ փախեփախ եկել ենք, համայնքի ղեկավարն է մեքենա տրամադրել ասել, երեխաների հավաքի, շուտ գնացեք, թուրքը եկել հասել է պարսիկի մոստը, որ մենք չշարժվեինք, երևի մենք էլ արդեն գոյություն չէինք ունենա…․Մի կերպ փախել ենք, եկել ենք Հայաստան:
Ապրելու ոչ մի հնարավորություն չունենք, իսկ ղեկավարությունն ապրում է աղայավարի: Արցախցիներն ինչո՞վ էին մեղավոր, որ տուն-տեղը թողեցին թուրքերին, թուրքերին դարձրեցին կուլակներ, միլիոնատերեր, մենք դարձանք ողորմելիներ, ինչո?ւ համար: 30 տարի այնտեղ քրիտինք ենք թափել, ապրել ենք:
Ով է մտածում այդ մասին: Թող մտածեն, մինչև մեր հարցերին լուծում չտան, մենք այստեղից չենք գնա»,-նշեց քաշաթաղցին։
Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաշաթաղցներին մոտեցավ էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանը:
Ակցիայի մասնակիցներից մեկը ներկայացրեց խնդիրը. «Արդեն մեկ տարի է, մենք տեղահանված ենք և ապրում ենք Հայաստանի տարբեր մարզերում: Ընդ որում 90 տոկոսին չեն ապահովել կեցության տեղով: Մարդիկ այսօր ապրում են վարձով, ինչ-որ փլատակներում: Մենք հիմնական խնդիրն է, որ այսօր ունենանք բնակարան, քանի որ դրանից կախված է մեր հետագա կյանքը: Արդեն 11 նամակ ենք գրել: Մեր խնդրանք է՝ մեր հարցին անդրադառնալ շատ ավելի արագ, քան նախատեսվում է, որովհետեւ մենք իրոք ապրելու տեղ չունենք: Սա կապրիզ չի: Մենք հետ գնալու տեղ չունենք: Բոլորս Հայաստանի քաղաքացի ենք»:
Նախարար Քերոբյանն ասաց, որ բնակարանների գնման վկայականներ են նախատեսվում, սակայն այս հարցի պատասխանատուն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
«Ես կխնդրեմ նախարար Նարեկ Մկրտչյանին, որ հենց այսօր ձեզ ընդունի»,- նշեց նա:
Քերոբյանի խոսքով, այնպես չէ, որ պետության հնարավորություններն անսահմանափակ են, բայց այնպես էլ չէ, որ չեն կարող լուծումներ տան:
Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով Քերոբյանին ասաց, որ վարկ է վերցրել, Կովսականում տուն սարքել, ամսի 6-ին իրեն դատ են նշանակել:
«Հիմա ես գնամ դատարանում ի՞նչ պետք է ասեմ, կարող եք ինձ հուշել»:
Նախարարը խորհուրդ տվեց. «Հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը ջրվում են»:
Քաշաթաղի բնակիչը հակադարձեց. «Դա նշանակում է, որ իմ վարկային պատմությունը սևանում է, և եթե ես նունիսկ փորձեմ այստեղ իմ կյանքը զրոյից կազմակերպել, չեմ կարողանա օգտվել վարկերից: Ես սնանկ չեմ, իմ պատճառով չի եղել էդ ամեն ինչը:
Ես հասկանում եմ, որ ինձ չեն կախելու, ասելու են, դե դու քյասիբ ես, քո վարկը ջրեցինք: Բայց դա ինձ պետք չի, ես արժանապատիվ քաղաքացի եմ, աշխատող մարդ եմ: Ես պատերազմից հետո էլ իմ վարկը մուծել եմ, որովհետև աշխատավարձ եմ ստացել»:
Քաշաթաղցիները հայտարարեցին, որ մեկ շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը, որպեսզի իրենց ներկայացնեն որոշման նախագիծ, թե ինչպես են լուծելու իրենց խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները Ադրբեջանը ներառել է «Արևելյան Զանգեզուր» խոսուն անունով վարչատարածքային շրջանում․ թուրքագետ
- Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
- Երևանում Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի խումբ բնակիչներ կրկին հանդիպել են Արայիկ Հարությունյանին
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
- Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում