Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի
54-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը «Visa pour l'image» միջազգային ֆոտոլրագրության փառատոնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) «Visa d'Or» մրցանակի, որն այսօր հանձնվել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 եվրո։
Ագուջյանը ներկայացրել էր արցախյան պատերազմում արված տպավորիչ լուսանկարները, որոնք ցույց են տալիս քաղաքացիական բնակչության վճարած ծանր գինը։
Լուսանկարների շարքը կոչվում է «Հայեր՝ վտանգված մարդիկ», որոնք հրապարակել են «Le Figaro» ամսագրում։
54-ամյա լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 20 տարի շարունակ լուսանկարելու նյութի որոնումներում շրջել է Մերձավոր Արեւելքում ու Կովկասում։ 2011 թվականին նա դարձավ Թուրքիայում արգելված թեմայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը։
Ինչպես գրում է «Ավրորա մրցանակաբաշխության» կայքը, 1961-ի փետրվարի 6-ին ծնված Անտուան Հարություն Ագուջյանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինեն եւ հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրությունում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակվում է Ալֆորվիլում, որը հայտնի է որպես «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։
Նա պատկանում է երրորդ (եւ վերջին) սերնդին, որ անձամբ ճանաչել է ցեղասպանությունը վերապրածներին։ 2000 թվականին լուսանկարիչը հայկական հիշողության թեմայով հավակնոտ մի ծրագիր նախաձեռնեց, որի առանցքում 1915-ի ցեղասպանությունն էր։ Նախագիծը նրան տարավ Երուսաղեմ, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղ։
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015-ին Flammarion հրատարակչությունը լույս ընծայեց Անտուանի գրեթե 30 տարվա աշխատանքի արդյունքը՝ նրա «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները