Այս թիմը հոգի ունի. Խոակին Կապառոս
«Այս խաղում կար ամեն ինչ։ Առաջին խաղակեսը մենք սկսեցինք հետ քաշվելով՝ հասկանալով, որ Մակեդոնիայի հավաքականը եզրերում կարող էր մեծ գլխացավանք առաջացնել, սակայն ընթացքում տղաները սկսեցին գործել ավելի վստահ և սկսեցինք անցկացնել հակագրոհներ։ Կարող էին նաև գրավել մրցակցի դարպասը»,- Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում երեկ կայացած Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի:
Նա նշեց, որ կցանկանային անընդհատ գրոհել, սակայն հակառակորդը ստիպում է նահանջել։
«Ամբողջ հարցն այն է՝ հասկանալ, թե յուրաքանչյուր պահի ինչ պետք է անել, և մեր տղաները կարողացան դա անել»,- նշեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Խոակին Կապառոսի խոսքով, այս խմբում հավասար պայքար է ծավալվել, չպետք է ուշադրության դարձնել մրցաշարային աղյուսակին, այլ պետք է կենտրոնանալ յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։
«Թիմի խաղից գոհ եմ։ Այս թիմը հոգի ունի: Տղաները ապացուցեցին, որ կարող են պայքարել»,- նշեց Խ. Կապառոսը։
Սեպտեմբերի 5-ին ժամը 22:45-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում, կկայանա հինգերորդ տուրի Գերմանիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Հաճելի կլինի մի օր ազգային հավաքականի՝ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունններում հանդես գալու երազանքն իրականանա. Հենրիխ Մխիթարյան
- Կապառոսը վստահ է՝ Հենրիխ Մխիթարյանի խաղը կօգնի ազգային հավաքականին
- Ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Սկոպյեում